top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Այստեղ Պիտի Մնայի, Ջովանի Դոցինի


Ծայրահեղ աստիճանի հասնող փնթփնթան հերոսի ձայնը կարող է անճանաչելիորեն փոխել հասարակ սյուժեն։


Կարող է նաև ընթերցողի վրա ուժ գործածել ու ստիպել կասկածի տակ դնել ամեն բան։


Զգացողություն է, թե գիրքը ոչ մի հենարան քեզ չի տալիս, չես կարող թիկն տալ ու հանգստության մեջ վայելել այն։ Ամբողջ ողնաշարդ լարվածության մեջ է պահում։


Էդպիսին ա Ջովանի Դոցինիի «Այստեղ Պիտի Մնայի» վեպը։


Ներկարար Լուկա Բրեգոլիսեն ապրում է Իտալիայի Պերուջա քաղաքում։ Իր մարոկկացի օգնական Նաբիլի որդին՝ Մասիմոն, անընդհատ անախորժությունների մեջ է հայտնվում ու իր՝ որպես տեսակ գոյությամբ, խանգարում Լուկային ապրել։


Բրեգոլիսեի միտքը հոսում ա ու հոսում՝ վզիդ փաթաթելով բողոքի, մտահոգության, տրավմաների, տագնապների բոլոր ալիքները և անվստահությունը՝ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ։


«Այստեղ պիտի մնայի»-ը Բրեգոլիսեի բաց գլուխն է, անհանգստությունից թփրտացող ուղեղը, որի ականատեսն է դարձնում քեզ հեղինակը։ Ասում է՝ լսի՛ր իմ ստեղծած հերոսի ձայնը, լսի՛ր, թե ինչ է ասում ու ոնց է իմ փոխարեն պատմում և իմ փոխարեն ապրում։


Գրքի իրադարձությունները մի քանի օրվա ընթացքում են տեղի ունենում, գիրքը կարճ է, 160 էջից պակաս, կարող է նույնիսկ (սխալմամբ) թվալ, որ հեշտ հաղթահարելու ես:


Բայց էդպես չի։ Հերոսի ձայնը հենց սկզբից էլ դանդաղեցնելու ա ընթացքը, ստիպելու ա անընդհատ կանգ առնել ու պարանով քարշ ա տալու քեզ իր խառնաշփոթ իրականության փողոցներով։


Մի վայր, որտեղ մայրս համառորեն ձևացնում է, որ չի ապրում - ինչի՞ մասին է խոսքը, կկռահե՞ք։


Գերեզմանատան։


Բրեգոլիսեն՝ որպես առաջին ձայնով պատմող, բոլոր կողմերից կեղևազատում ա իր միտքը, քեզ ա հրամցնում անգթորեն գրված անկեղծ տեքստ, տեքստ-փնթփնթոց, որն ամեն անգամ ծոծրակիդ անսպասելի հարվածում ա ու ստիպում մարմնիդ կծկվել ցավից։


Իսկ գրականությունը ծոծրակիդ պիտի հարվածի ու պիտի ցավ պատճառի, ու թույլ չտա՝ հենվես իր վրա ու հանգիստդ վայելես։ Պիտի հիշեցնի քեզ քո տեղը երբեք չգտնելու մասին։


Եվ էդ իմաստով նույնպես, «Այստեղ պիտի մնայի»-ը լավ գրականություն է։ Ու արժանի ընթերցման։


[մեջբերում]

Մայրս շուտ մահացավ, իսկ ես դեռ չէի դադարել մորս զավակը լինել։

Comentários


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page