top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Ժան Պոլ Սարտր, Ճանճերը


Յուպիտերը որպես մահվան ու ճանճերի աստված, սեփական զղջումների տակ տառապող մարդկանց խումբ, ովքեր ամեն տարի սպասում են իրենց ծանոթ մեռյալներին, որ վերջիններս գան ու իրենց տանջանքները բազմապատկեն, մարդկանց վախի ու սգի մեջ պահող թագավոր, ով պարզվեց, Արգոսի ամենատխուր մարդն է. մի խոսքով իսկական Սարտրյան մթնոլորտով պիես՝ հիմնված Էվրիպիդեսի Էլեկտրա առասպելի վրա, դե բնականաբար մինչև վերջին շունչը սարտրացված:

Ընդհանրապես անմահության բացասական կողմերի մասին Սարտրը սիրում է գրել, գուցե ոչ բառացի: Օրինակ ‹‹Դռնփակում›› մարդիկ անվերջության մեջ իրար համար դահիճներ են կարգվում ու յուրաքանչյուրի ներկայությունը մյուսի համար սարսափելի է լինում, որովհետև ամեն մեկը գիտի դիմացինին ցավ պատճառող կետերի մասին, ու երևի ամենավատը, գիտի դիմացինի խղճի վրա ծանրացած դեպքի մասին, որն էլ հենց ամենաշատն է տանջում: Էն, որ դժոխքը մյուսներն են, Սարտրի խոսքն է, բայց ես մյուսներ-ի մեջ հասկանում եմ բոլորիս՝ մեզ ներառյալ: Այսինքն մարդկանց ներկայությունը: Էն մարդկանց, ովքեր քեզ մոռանալու են ու դա քո ծանրությունն է դառնալու, կամ էն մարդիկ, ովքեր քեզ երբեք չեն մոռանալու, հիշելու են որպես վախկոտ կամ հիմար: Ու միշտ են հիշելու, հետո վախկոտությունը կամ հիմարությունը քեզնով են չափելու, իրենց խոսքի մեջ ասելու են՝ վախկոտ ինչպես իքսը, իքսի չափ հիմար: Սա ‹‹Դռնփակի›› մասին:

‹‹Ճանճերում›› մարդիկ են, ովքեր մեռյալ քաղաքում՝ Արգոսում են ապրում, սև զգեստներ են կրում, իրենց զղջումները իրենց հետ քարշ են տալիս մինչև ծերություն ու մահ:

Հետո Արգոսում հանկարծակի Օրեստն է հայտնվում, ով իհարկե սկզբում իր իսկական անունը չի ասում, քանի որ նա սպանված թագավորի որդին է: Թագավորը սպասում է իրեն, բոլորն էլ գիտեն, որ Օրեստը մի օր անպայման գալու է ու վրեժխնդիր է լինելու իր հոր սպանության համար: Բայց ամենաշատը Օրեստին սպասում է իր քույր Էլեկտրան, ով շատ խղճուկ ու ստորացված վիճակում է հայտնվել հոր մահից հետո, լվանում է թագավորական սպասքը, հագուստը: Էլեկտրան երիտասարդ, վրեժով լցված կերպար է, ով տարիներ շարունակ եղբոր՝ Օրեստի կերպարն իր մեջ գծագրել է ու ամեն անգամ երազելով պատկերացրել է մեղավորների մահը դաժան վրեժի միջոցով: Բայց գալիս է օդային ու իր տեղը աշխարհի ոչ մի ծայրում չգտած Օրեստը, ով մեղմ բնավորություն ունի, դատապարտված է ազատությանը, որովհետև չի պատկանում ոչ ոքի ու ոչ մի տեղի: Բայց Օրեստը ուզում է գտնել իր տեղը Արգոսում: Էլետրային սկզբում չի հայտնում իր ով լինելը, պատմում է Կորնթոս քաղաքի մասին, որտեղ մարդիկ անհոգ են ու առանց ներքին բեռների են ապրում: Էլեկտրան մեռյալներին սպասելու օրը հանդգնում է սպիտակ զգեստով ներկայանալ, և դեռ քիչ է, սկսում է պարել, հեգնելով՝ որտե՞ղ են մեռելները, գուցե նույն թափով հետս պարու՞մ են: Հետո ամբոխին փորձում է Կորնթոսի մասին պատմել, ասելով՝ դուք, սեփական անձի դահիճներդ, մոռացե՞լ եք համեստ ուրախությունն այն գյուղացու, որը քայլում է իր հողի վրա և ասում է, թե լավ եղանակ է: Սյուժեն գնալով ավելի է խճճվում, ավելի անհույս ու էմոցիոնալ-անկայուն դառնում, հատկապես Էլեկտրայի կերպարը, ով սկզբում մեղադրում է իր եղբայր Օրեստին անմեղության մեջ, հետո էլ սկսում է վախենալ, երբ վերջինս իր ուզած դաժան ու վրեժխնդիրն է դառնում:

Ճանճերը պիեսում խորհրդանշում են մահը, կեղտը, փտումը: Ճանճերը Յուպիտեր աստծո հետ միասին են, իր հպատակներն են, որոնք պիեսի վերջերում էրինուհիների են վերածվում: Յուպիտերն էլ էստեղ մահվան ու ճանճերի աստվածն է:

Արգոսում նույնիսկ արեգակն է մռայլ: Օրեստին ուղեկցող մանկավարժն ասում է՝ ի՞նչն է ավելի մռայլ, քան արեգակը: Երբ Օրեստը մեղադրում է Յուպիտերին, Յուպիտերը խնդրում է չդատել աստվածներին, որովհետև նրանք թաքուն վշտեր ունեն:

Էլեկտրան, երբ առաջին անգամ տեսնելով Օրեստին հարցնում է նրան՝ ո՞վ ես դու ու Օրեստը պատասխանում է՝ մի օտարական, Էլեկտրան ավելացնում է, որ իրեն հարազատ է այն ամենը, ինչ օտար է այս քաղաքին:

Արգոսում ամենակարևորը մարդկանց զղջումն է: Էդ էն զղջումն է, երբ ինչ-որ մեկը դադարում է հասկանալ իր ոճիրը ու դա վեր է ածվում բեռի: Բեռներով լցված մարդկանց ու պաշտելի մեռյալների քաղաք է Արգոսը: Մարդիկ մեռյալներին խնդրում են ներել իրենց այն բանի համար, որ իրենք ողջ են մեռյալների փոխարեն: Բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է: Արգոսում ընդունված է մեղադրել դիմացինին իր արարքների համար, որ դիմացինի խիղճը ավելի սուր տանջի իրեն: Բայց կարելի է բարձրաձայնել միայն այն արարքները, որոնք դիմացինը ցանկացել է հայտնել: Արգոսի բնակիչները սիրում են իրենց ցավը, զգում են վերքերի կարիքը: Նույնիսկ էն դեպքում, երբ ոչ մի մեռյալներ իրականում չեն գալիս իրենց ընդառաջ, իրենք զգում են մեռյալների ճնշող ներկայությունը: Նույնիսկ մարդկանցից մեկը վախով հայտնում է, թե ինչ ահավոր կլիներ, եթե քաղաքում վխտող ճանճերի ուրվականներն էլ միանային մեռյալներին ու հետապնդեին իրենց: Արգոսը ամբողջապես մահվան ու դահիճների խորհրդանիշն է:

Հետո խոսք է գնում ազատության մասին: Օրեստը ասում է՝ ի՞նձ ինչ Յուպիտերը, ես աստծո կարիքը չունեմ, որ ինձ ուսուցանի: Արդարությունը մարդկանց գործն է: Դու աստվածների թագավորն ես, Յուպիտեր, քարերի և աստղերի թագավորը, ծովի ալիքների թագավորը: Բայց դու մարդկանց թագավորը չես: Հենց այն պահից, ինչ դու ինձ ստեղծեցիր, ես դադարեցի քեզ պատկանել:

Առանց աստվածների, առանց տեր ու ստրուկ լինելու ազատության մասին է գրում Սարտրը: Էն ազատության, որ դու ես քեզնից ներկայացնում, ոչ թե նա, որը քեզ է պատկանում քո կարգավիճակի կամ պատահականության շնորհիվ: Բայց Էլեկտրան իրեն ազատ չի զգում: Ասում է, որ պատահել է մի բան և ինքն ու Օրեստը չունեն այն չեղյալ դարձնելու ազատությունը:

Վերջում Օրեստը ազատում է քաղաքը բեռից ու ճանճերից, հեռանում է այնտեղից մշտապես իր հետ տանելով քաղաքի ծանրությունը, մեռյալներին, էրինուհիներին, մարդկանց զղջումները:


Ամեն անգամ Սարտր կարդալուց իր ծանրությունը իմ մեջ է լցվում, իր մռայլությունն ու ամբոխի պատճառով առաջացած անհուսությունը: Սկսում եմ երազել էն տարածքի մասին, որը մարդկանցից էնքան հեռավորության վրա է, որ իրենց ստվերները չեն հասնում ինձ, էդ տարածքը հեռու է դժոխքից, հեռու է մյուսներից: Բայց մյուսներն իրենց մեջ ներառում են նաև իրենց բացակայությունը: Մյուսները ամեն տեղ են: Չկա ոչ մի տեսակի փախուստ մյուսներից:

Ամենահակասական զգացողություններն առաջացնող Սարտրը սիրելի հեղինակներիցս է, ում կարողանում եմ կարդալ նախապես պատրաստված լինելուց հետո միայն:


Էգիսթ- Ես դատարկ խխունջ եմ. ինչ-որ գազան, ինքս էլ չգիտեմ երբ և ինչպես, կերել է իմ ներաշխարհը: Եվ հիմա ես նայում եմ իմ ներսը ու տեսնում եմ, որ ավելի մեռած եմ, քան ինքը՝ Ագամեմնոնը: Ես ասացի, որ տխու՞ր եմ: Ստեցի: Ոչ տխուր է, ոչ ուրախ է անապատը՝ ավազների անհամար անէությունը, որ փռված է երկնքի անէության ներքո. նա մռայլ է: Ես իմ թագավորությունը կտայի, միայն թե կարողանայի թափել արցունքի մի կաթիլ:

0 comments

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page