top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Վահե Քաչա, Սեղմված Բռունցքներ

Մոտավորապես նույնն է, թե վերցնես մարդուն ու ամբողջությամբ դուրս շրջես` դիմացիններին ցույց տալու համար, թե տեսեք, մարդն էս է, մարդն այ սենց բաներ ունի ներսում, հեչ կպատկերացնեի՞ք: Մենք էլ` դիմացիններս, նայենք դուրս շրջած հեղուկի պարունակությանն ու զզվենք մարդուց, մեր աչքերը փակենք, որ չտեսնենք, քիթներս փակենք, որ ոչ մի հոտ չզգանք, սեղմենք շրթունքները` համ չզգալու համար: Իսկ վերջում պարզենք, որ անիմաստ է, որովհետև այդ նույն շուռ տված պարունակությունից մենք էլ ունենք: Մենք: Բոլորս: Առանց բացառության:

Այ հենց այդ հեղուկն է Քաչայի գրականության հիմքում ընկած` մարդկային` բացահայտ կերպով թաքնված նյութերն ու այդ նյութերի զզվելի պարունակությունները:

Իր «Դևն արթնացավ» վեպն առաջինն էր կարդացած գրքերցս, որտեղ այնպիսի նրբություններով են բացահայտվում մարդու գազանն ու վախկոտ նապաստակը, հրեշն ու փերին: Եթե Գոլդինգի գազանն ու դրանով տառապող հերոսները վրադ փշաքաղվելու աստիճան ազդում են ու դու վախենում ես քո ու մնացածի` դրանով վարակվելու պոտենցիալից, ապա Քաչայի գազանը կարդալու առաջին վայրկյանից սկսում է սուր եղունգներով ճանկռել քեզ ներսից` բաց թող ինձ, ազատիր այստեղից գոռալով, ու դա լինում է ենթագիտակցորեն, կամ կիսագիտակցորեն:

Իսկ ահա «Սեղմված բռունցքները» մի ուրիշ գազանի հետ է քեզ ծանոթացնում, փորձում է ընտելացնել քեզ իր հետ, դու էլ միամտաբար ընտելանում ես: Իրականում դա նույն գազանն է, պարզապես տարբեր դրսևորումներով ու տեսակներով: Հասկանում ես, որ մեջդ այդ գազանից ավելի շատ մասեր ու ենթատեսակներ ունես, քան քեզնից, քան մարդուց:

Քաչան սարսափելի տեսնող է ու ցույց տվող: Վախենալու աստիճանի ներսդ տակնուվրա անող է: Շատ կոպիտ է վարվում ընթերցողի հետ: Սուր-սուր եղունգները խրում է մարմնիդ մեջ ու ասում` տես, սա է իրականը, այն ինչ չես տեսնում, որովհետև սրանից է սկսվել ամեն բան:

Թվում է` առաջին հայացքից փողի և դրա կործանարար ազդեցության մասին է, այն մասին, թե ինչ կարող է անել հարստությունը մարդու հետ, ու հենց վեպի այդ թվացյալ մասը` այն է մակերեսային շերտը, այնքան հզոր ու անթերի ձևով է արված, որ թվում է` էլ պետք չի ավելի խորքերը մտնել, թվում է` այդ էլ է բավական: Բայց հետո հասկանում ես, որ չէ: Բավական չէ: Պետք է ավելի շատ փորել: Փորել ու գտնել ինչ որ բան, ինչ որ թաքնված բան: Հենց առաջին տողից էլ հասկանում ես, որ գոյություն ունի այդ ինչ որ թաքնված բանը: Ու չես սխալվում: Կա, այն էլ ինչպես կա:

Նախ` իր հերոսների ենթա կամ կիսագիտակցորեն փոփոխվելն ու հաջորդելը մեկը մյուսով: Երկու վեպերում էլ նույն տեխնիկան է գործում: Հերոսներն իրար հետ կապված են անտեսանելի թելերով: Շատ խորանալուց պարզում ես, որ Քաչայի բոլոր հերոսները նույնն են, պարզապես, մեզ արդեն ծանոթ գազանի նման, տարբեր դրսևորումներով ու տեսակներով են ներկայացվում: Իր յուրաքանչյուր կերպարը մյուս կերպարի կամ շարունակությունն է, կամ շերտերից մեկը: Ու միացնելով իրենց, ստանում ես մոզայկայի պատկերը` արդեն հասկանալի լեզվով: Հաջորդ հնարքներից մեկը հերոսների` իրենք իրենց և ուրիշների հանդեպ, ինչպես նաև հենց հեղինակի ու հերոսների անտեղյակությունն է իրարից: Չես հասկանում է` ինչ է կատակ է անում, թե լուրջ է: Մինչև վերջ էլ պարզ չդարձավ` իրոք Լորկոն գիտեր ճամպրուկի մասին, թե այդ ամբողջը Տերքյանի երևակայությունն էր: Այդ անորոշությունը ստիպում է լարված մինչև վերջ կարդալ, մտածում ես` կպարզվի, հո էդպես չի մնա, բայց վերջում հեղինակը հավեսով ծիծաղում է վրադ` հիմարիկ, հո սա դետեկտիվ չէ, որ հանգուցալուծում ես պահանջում, մի անգամ էլ ուշադիր կարդա, էլի՞ դետեկտիվի տպավորություն ստացար...այ էդպես վիրավորված փակում ես գիրքը, զգալով, որ խաբված ես, ու զգալով, որ ծանրացել ես, որ չես կարողանում շարժվել, որովհետև գրքի ու կերպարների ամբողջությունն էլ գրքում չէ, այլ մտել է ներսդ, հեղինակը խաբել է քեզ, ստիպել է մինչև վերջ կարդալ ու հետո, առանց կարծիքդ հաշվի առնելու, գիրքը դատարկել է մեջդ, ահա թե ինչու ես ծանրացել ու չես կարողանում շարժվել:

Տերքյանի երևակայականն ու գրքի իրականը երբեք էլ չես տարբերի: Ու թե ինչ հանճարեղ ձևով է Տերքյանը երևակայում...հասկանու՞մ եք, էդպիսի բան ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, չեմ կարդացել: Ու թե ինչպես են համընկնում դեպքերը` հօգուտ իր երևակայության: Նույն հնարքներն օգտագործվում է Դևն արթնացավ-ում: Չես հասկանում, թե գրքի որ մասն է իրականը, որ մասը հերոսի մտացածինը, ու որ մասը հեղինակի իրականը: Որովհետև հեղինակն ուզում է ասել, որ դրանք իրականում նույնն են, ոչնչով չեն տարբերվում: Իրականու՞մ: Իսկ ո՞ր իրականում են նույնը..

Չէ, չէ ու էլի չէ..Քաչայի պես գրողի դեռևս չէի հանդիպել, չկա իր պես նուրբ բացահայտող, իր պես ընթերցողի հետ ենթագիտակցորեն զրուցող, իր պես գազանի բոլոր տեսակներն ու ենթատեսակները հատ-հատ ներկայացնող, իր պես հազարաթերթ ու հազարաշերտ...չէ, չեմ հանդիպել ուղղակի:

Հեսա մի քիչ էլ ...ու Քաչան կդառնա ամենասիրելի հեղինակս: Չգիտեմ: Էդպիսի զգացողություն ունեմ:

Մատիտով նշված հատվածներ չկան: Որովհետև հասկացա, որ ստիպված կլինեմ ամբողջ գիրքը ծայրից ծայր նշել:

Comentarios


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page