Սիրանուշը, 15 տարի Բեռլինում բնակվելուց հետո, աշխատանքի է անցնում Օրհուսի (Դանիա) համալսարաններից մեկում՝ որպես ջանջալաբան (դե գուշակեք, թե դա որն է ։դ)։ Ի սկզբանե զգալով կին-ինքնության գերակայությունը մյուս ինքնությունների նկատմամբ, Սիրանուշն իր շուրջը նկատում է հենց դրան ուղղված վտանգները։
Միայնությունն ու իր շուրջը կատարվողը լռությամբ հանդուրժելը հերոսուհու ընտրած կյանքի պատկերն է, իսկ գորշությունից ազատվելն ու մեկ ուրիշ կենսակերպ սկսելն իր մասին չեն հաստատ։ Սիրանուշն ավելի շուտ կնախընտրի ոչինչ չանել ու մեզ պատմել էդ մասին, «Սկանդինավյան աշունը տխուր է» - ահա թե ինչ կպատասխանի նա մեզ ... աշունն էլ հո փոխել հնարավոր չի, պիտի գա ու անցնի՝ անկախ մեր կամքից։
Բյուրակն Իշխանյանի «Կտորե Տոպրակը» գրված է պարզ ու շիտակ լեզվով, պատմության գիծը հստակ է, էստեղ չեք գտնի լեզվական խճճված արտահայտչամիջոցներ ու երկիմաստ բառեր, չնայած գրքի մռայլ եղանակը (ու նաև գլխավոր լոկացիայի) վստահաբար որոշակի զգացողություններ կառաջացնի։
Սիրանուշը Դանիայում է դիմավորում 2020 թվականը։ Իսկ 2020 թվականն իր չարաբաստիկ էությամբ ծանոթ է մեզ, աշխարհին՝ իր քովիդով, իսկ հայերիս՝ քովիդով ու 44-օրյա պատերազմով։ Մենք գիտենք, որ եթե 2020 թվական, ուրեմն՝ անխուսափելիորեն պատերազմ, ոչ մի իրականության մեջ այլևս հնարավոր չի լինում պատկերացնել 2020-նն առանց պատերազմի։
Հերոսուհու ինքնությունների հերթափոխը իր ավարտն է գտնում մեկ ամբողջական՝ հայի ինքնության մեջ, գուցե ոչ լիարժեք, գուցե պատկանելիության ոչ ամբողջական զգացողությամբ, բայց նորմալ չի՞ էդպես, որ ինքնությունն էլ լինի կիսատ ու թեքված, իր վրա բծեր ու խազեր ունենա, սպիեր ու դատարկ տարածություններ..
Կտորե տոպրակը հերթական լոզունգը արտահայտող հասարակ իրից վերածվում է ավելի մեծ բանի, ավելի կարևոր ու պակաս ֆիզիկական։
գրքի մասին մանրամասն՝ իմ ու Նարեի պոդքաստում.
Commenti