Որոշել եմ նոր շարք սկսել՝ տարբեր գրական/ժանրային/թեմատիկ trope-երի վերաբերյալ։ Trope-ը յուրահատուկ գրական գործիք է, միջոց, որն առավել է ընդգծում տվյալ գրական մոտիվը, ժանրը կամ թեման։ Trope-եր կարող են համարվել նաև կլիշեները/ շատ կիրառվող գործիքները և հնարանքները, որոնք տվյալ ժանրում առավել հաճախ են պատահում, երբեմն նաև՝ ժանրի անբաժան մասն են կազմում։ Բայց չմոռանանք, որ ոչ բոլոր trope-ներն են կլիշեներ և պարտադիր չի, որ լինեն հոգնեցնող ու կանխատեսելի։ Դրանք հարստացնում են ժանրը, ինչպես օրինակ գրական արքետիպերը։ Առավել հայտնի Թրոփերից են Deus ex machina (կամ Աստված մեքենայից, ի դեպ այս մեկից հատկապես՝ արժե խուսափել :)), Jerk with a Heart of Gold(ոսկե սրտով ապուշը), Սիրային Եռանկյունին, Չեխովյան Հրացանը, MacGuffin-ը (պատմության համար շրջադարձային կարևորություն ունեցող առարկա) և այլն։ Կփորձեմ այս շարքում ներառել առավել հետաքրքիր, օգտակար և պատմությունը հյութեղ դարձնող թրոփերից։
Գնացի՜նք
Թրոփի անվանումը․ The Calls are coming from inside the House (տան ներսից են զանգում)
Հիմնական ժանրը, որտեղ կիրառում են այն․ Սարսափ, Թրիլլեր
Թրոփի ընդհանուր նկարագիրը․ պատկերացնենք մի էսպիսի իրավիճակ․ մի կին (շատ դեպքերում նա դայակ է) միայնակ նստած է տանը, երբ հանկարծ տարօրինակ ու վախեցնող զանգ է գալիս իրեն՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ՝ իսկ դու ստուգե՞լ ես, թե ինչպես է երեխան կամ արդյոք չե՞ս մրսում, տան բոլոր պատուհանները բացել ես կամ ինչպե՞ս է միայնակ կինն իրեն զգում այս ուշ երեկոյան։ Հարցը կարող է լինել կենցաղային, բայց դա անպայման կվախեցնի կնոջը, որովհետև զանգողը կխոսի այնպես, իբր ինքը ճանաչում է կնոջը կամ տեսել է նրան տանը կամ մեկ այլ տեղ, կնոջը կթվա, որ իրեն հետևում են կամ պարզապես ուզում են վախեցնել, ի վերջո նա ոչ միայն իր գլխի համար է պատասխանատու, այլ երեխայի՝ այն էլ ուրիշի երեխայի։ Եվ ահա կինը, շփոթված ու խիստ անհանգստացած, կզանգի ոստիկանություն և կխնդրի պարզել, թե ով է զանգում և որտեղից է գալիս զանգը։ Որոշ ժամանակ անց կնոջը հետ կզանգեն և կասեն հետևյալը․
– տիկին, կներեք, բայց հենց ձեր տան ներսից են զանգել
Տպավորիչ է, չէ՞, հատկապես սարսափ ժանրի դեպքում։ Ոստիկանության զանգից հետո գուցե մենք արդեն իրավիճակը տեսնենք անծանոթ զանգահարողի դիտանկյունից (POV), եթե մեր բախտը չբերի՝ մենք կմնանք ու այդ կնոջ հետ միասին կվախենանք աներևույթ անտագոնիստից։
Թրոփը հնարավոր է կիրառել բազմաթիվ եղանակներով, կարելի է փոխել կերպարին, տեղադրությունը և այլ բաղադրիչներ, որպեսզի խուսափենք կլիշեներից։
Այլ տարբերակներ՝Ես տեսնում եմ քեզ, Զանգ՝ կարճ հեռավորությունից, Չարաբաստիկ զանգ, Ընդհատվեց մահվան պատճառով
Թրոփի կիրառման օրինակներ․
Սև Սուրբ Ծնունդը ֆիլմն առաջինն է, որ կիրառեց այս գործիքը․ ֆիլմի հերոսները ողջ ֆիլմի ընթացքում տհաճ ու վախեցնող զանգեր էին ստանում, և այն՝ ինչ պարզվեց վերջում, արդեն գիտենք
Դեյվիդ Լինչի Ոչ մի տեղ չտանող խճուղին ֆիլմում թրոփն օգտագործվում է մի քիչ շրջված տարբերակով՝ «Ես հենց հիմա այնտեղ եմ, զանգիր ինձ»,- այսպես է ասում գլխավոր հերոսին Առեղծվածային Մարդը
Փիթեր Քրոութերի «Ուրվականներ ատամներով» ստեղծագործության մեջ պոլտերգեյսթը անընդհատ զանգում է գլխավոր հերոսին հենց իր հեռախոսագծից
«Սարսափազդու պատմություններ մթության մեջ պատմելու համար» ժողովածուում արդեն մեզ հայտնի դայակը վերևի հարկից սպառնալից զանգեր է ստանում
Հիդրոֆոբիա համակարգչային խաղում պարզվում է, որ հակերը հենց իրենց նավում է գտնվում
Թրոփի մասին ավելի մանրամասն՝ այստեղ
շարունակելի :)))
Comments