top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Փորձարարական Գիր։ Տեխնիկաներ ու Հնարքներ



Փորձարարական (էքսպերիմենտալ) գրականության առաջնային նպատակն է եղել վերացնել ժանրային և ոճական պայմանականությունները, դուրս գալ գրականության սոցիալական նորմերի սահմաններից, փորձարկել և ստեղծել ուրիշ գրականություն՝ նպաստելով գրականության մեջ նոր ձևերի առաջացմանը։ 20-րդ դարի մոդեռնիզմն ու ավանգարդիզմն աստիճանաբար ձև ու կառուցվածք տվեցին գրական փորձարարությանը՝ վերջնականապես հարթելով գրականության ճանապարհը դեպի բացարձակ անհատականությունն ու յուրակերպությունը։ Ջոյսի «Ուլիսեսը», Թոմաս Էլիոթի պոեզիան, Իտալո Կալվինոյի և Կորտասարի փորձարարական նորամուծությունները, դադաիզմը, ֆուտուրզիմն ու սյուրռեալիզմը սնեցին փորձարարական գրականությունն ու նոր իմաստ հաղորդեցին՝ հարստացնելով ու ընդլայնելով սահմանները։

Ի վերջո ո՞րն է էքսպերիմենտալ գիրն ու գրականությունը. հարկ է նշել այն, որ փորձարարությունը գրականության մեջ բոլոր ժամանակներում էլ գոյություն է ունեցել՝ շնորհիվ յուրահատուկ աշխարհայացքի և տեսողության տեր գրողների, սակայն նրանց գրվածքներում փորձարարությունն ավելի շատ մասնավոր բնույթ է կրել։

Էքսպերիմենտալ գրականությունն առաջին հերթին մարտահրավեր է նետում պատմասության դասական կառուցվածքին և տեխնիկային՝ ձգտելով գտնել նոր ձև ու կառուցվածք, քանդել տեքստը, բաժանել բեկորների կամ սյուժեն դարձնել ոչ գծային՝ այս կերպ ստեղծելով տեքստային ազատ տարածություն, որտեղ ամենի մուտքը թույլատրելի է դառնում։


Էքսպերիմենտալ գիրը շատ հաճախ ուղեկցվում էր վիզուալ արվեստով՝ նկարներ, կոլաժներ, նախշեր ու աբստրակցիաներ։ Երբեմն էլ հեղինակներն օգտագործում էին անսովոր տպագրություն, տառերի ոչ ստանդարտ դասավորություն և ֆորմատավորում՝ ստեղծելով ընթերցանության եզակի փորձառություն, ինչպես նաև գրվածին յուրահատուկ իմաստ կամ հույզ հաղորդելու նպատակով:


Շատ հեղինակներ էքսպերիմենտալ գրականությունն առաջին հերթին ինտերակտիվությամբ էին պատկերացնում, օրինակ Խուլիո Կորտասարն իր «Ցատկախաղը» փորձարարական վեպում «թռցնում է» ընթերցողին մի գլխից դեպի մյուսը՝ լիարժեք ներգրավելով նրան պատմության մեջ և թույլ տալով ընտրել ընթերցանության եղանակը՝ գլուխների խառը կամ ճշգրիտ հերթականությամբ։ Դրա շնորհիվ ընթերցողները «Ցատկախաղը» կարդալիս իրենց զգում են պատմության մի մասնիկը և ոչ պասիվ կարգավիճակում։

Իսկ ահա Գերտրուդ Սթայնն ու Ջեյմս Ջոյսը փորձարարական գրականություն ստեղծում էին լեզվի միջոցով՝ հորինելով նոր բառամթերք, նորաբանություններ, ինչպես նաև կիրառելով գիտակցության հոսքի տեխնիկան։


Մետաֆիքշընը (մետատեքստ) փորձարական գրականության մեկ այլ հնարք է, երբ ստեղծագործությունը սկսում է ինքնագիտակցություն ձեռք բերել և խոսել իր՝ ստեղծագործություն լինելու մասին, հղումներ անելով սեփական հորինվածքին և իր հեղինակին։


Ընդհանուր առմամբ՝ փորձարարական գրականության նպատակն է բացահայտել գրական ալտերնատիվ ձայներ ու դիտանկյուններ՝ այսպիսով արագացնելով գրականության էվոլյուցիոն գործընթացը։ Իսկ ահա թվային տեխնոլոգիաների հետ մեկտեղ փորձարական գիրն իրենից անկախ հայտնվեց մուլտիմեդիայի անսպառ օվկիանոսում։

8 պատճառ, թե ինչու գրողները պետք է ժամանակ առ ժամանակ կիրառեն էքսպերիմենտալ գրականության մի քանի տեխնիկաներ

1. Բարելավել ստեղծագործական ունակությունները. գրական փորձարարական վարժությունները գրողներին կարող են դուրս մղել ստանդարտ մտածողության շրջանակից՝ խրախուսելով նրանց բացահայտելու նոր գաղափարներ, տեխնիկաներ և ձևեր։

2. Օգնել դուրս գալ առօրյա գաղջից. փորձարարությունը գրողների համար կարող է ընդմիջման պես մի բան լինել՝ թարմացնելով նրանց և նոր գաղափարների համար տեղ ազատելով։

3. Բարելավել խնդիրների լուծման հմտությունները. անսովոր տեխնիկաներ կիրառելով՝ գրողն ինքնըստինքյան այլ կերպ կմոտենա իր առջև դրված գրական խնդիրներին և կկարողանա գտնել նոր լուծումներ:

4. Բացահայտել նոր հեռանկարներ. փորձարկելով տարբեր պատմողական ոճեր, դիտանկյուններ և ձայներ՝ գրողները կընդլայնեն իրենց պատկերացումները պատմասության հնարավորությունների մասին և ավելի բաց կդառնան նորությունների առաջ։

5. Մերժել պայմանականությունները. փորձարարական գիրը կարող է խրախուսել գրողներին կասկածի տակ դնել լեզվի, պատումի և առհասարակ գրականության դերի մասին իրենց պատկերացումները՝ խթանելով քննադատական մտածողությունը և ինտելեկտուալ աճը:

6. Զարգացնել բազմակողմանիությունը. փորձարարական վարժություններ կատարելը կարող է օգնել գրողներին դառնալ ավելի բազմակողմանի և հարմարվող՝ ձևավորելով տարատեսակ ժանրերի, ոճերի և ձևաչափերի շրջանակներում գրելու հմտություններ։


7. Բարելավել գրելու տեխնիկական հմտությունները. գրելու ոչ ավանդական տեխնիկաները կարող են օգնել գրողներին ձեռք բերել տեխնիկական հմտությունների ավելի լայն շրջանակ, որոնք հետագայում կարող են օգնել իրենց մշտական գրականությունը ստեղծելու մեջ։

8. Ճանաչել սեփական հնարավորությունները. փորձարարական գրական տեխնիկաները հնարավորություն են գրողների համար ճանաչել սեփական ներուժը, հետաքրքրությունների շրջանակը, ինչպես նաև լիարժեք բացահայտել իրենց գրական դաշտը։

Փորձարարական գրականության տեխնիկաներ, որոնք կիրառել են մի շարք հայտնի հեղինակներ



1. Գիտակցության հոսք- այս տեխնիկայի շրջանակներում գրողներն ազատ են թողնում իրենց մտքերի անվերջանալի հոսքը՝ գրելով առանց դադարների և խմբագրական միջամտությունների։ Վիրջինա Վուլֆը, Ուիլյիամ Ֆոլքները, Ջեյմս Ջոյսը և շատ շատերը կիրառել են հենց այս տեխնիկան՝ դրանց շնորհիվ ստեղծելով հիշարժան գրվածքներ։

2. Ոչ գծային պատում- հեղինակները, խախտելով ժամանակագրական հաջորդականությունը, ստեղծում են ոչ գծային պատումի մի ձև, որն առաջ և հետ անելով՝ ընթերցողին լրիվ այլ վիպական փորձառություն է տալիս (Խուլիո Կորտասար, Դեյվիդ Միչել և այլն)։

3. Քաթ-ափի տեխնիկա (cut-up)- տեխնիկան տարածում է ստացել հատկապես Ուիլյամ Բերոուզի շնորհիվ, ով ֆիզիկապես կտրում էր թուղթը և վերադասավորում տեքստային կտորները՝ այսպիսով նոր իմաստ հաղորդելով բովանդակությանը։

4. Ուլիպիական սահմանափակումներ- OULIPO գրական խմբակի անդամները (Ժորժ Պերեկ, Իտալո Կալվինո, Օսկար Պաստիոր) կիրառում էին մաթեմատիկական կանոններ և սահմանափակումներ՝ կատարելով գրական բարդ առաջադրանքներ։ Այս տեխնիկաներից մեկն օրինակ Ձնագնդի վարժությունն է. գրել բանաստեղծություն, որում յուրաքանչյուր հաջորդ տողը մեկ բառով երկար է նախորդից:

5. Ջնջում կամ մթնեցման պոեզիա- այս տեխնիկան կիրառել են Ջոնաթան Սաֆրան Ֆոերը, Մերի Ռուֆլը, Ռոնալդ Ջոնսընը և այլն։ Տեխնիկան իրենից ենթադրում է հետևյալը՝ արդեն գոյություն ունեցող տեքստերից դուրս հանել կամ ջնջել տարատեսակ բառեր և դրանցից ստեղծել նոր գրվածք։

6. Էպիստոլյար վեպ- սա իրենից բացարձակ փորձարարություն չի ներկայացնում, սակայն շատ դեպքերում, կիրառելով նամակագրական ձևը՝ հեղինակները կարողացել են նոր լույսի տակ ներկայացնել պատումը (Բրեմ Սթոքեր, Ալիս Ուոքեր և այլն)։

7. Կոլաժային և միքսված մեդիա- գրողներ Կուրտ Շվիթերսն ու Մաքս Էռնստը տեքստին կցում էին նաև վիզուալ տարրեր՝ լուսանկարներ, իլյուստրացիաներ, որպեսզի բազմակողմանի փորձառություն ապահովեն ընթերցողների համար։

8. Բազմաթիվ պատմողներ և դիտանկյուններ- այս տեխնիկան թույլատրում է հեղինակին ստեղծել մեկից ավելի պատմողներ և դիտանկյուններ՝ մեկ ստեղծագործության մեջ։ Դրա շնորհիվ վեպն ընթերցողին մեկի փոխարեն բազմաթիվ աչքեր է տալիս (Ուիլյամ Ֆոլքներ, Մայքլ Քանինգհեմ և այլն)։

9. Ավտոմատ և սյուրռեալիստական գիր- այս տեխնիկան բավականին նման է գիտակցության հոսքի տեխնիկային։ Սյուրռեալիստներ Անդրե Բրետոնն ու Ռոբեր Դեսնոսը փորձում էին երազային պատումներ ստեղծել՝ անգիտակցական անվերջանալի մտահոսքով։

10. Ռեկուրսիվ պատում- Իտալո Կալվինոն և Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսը շատ հաճախ կիրառում էին ռեկուրսիա՝ պատմությունները ներկառուցելով այլ պատմությունների մեջ և ստեղծելով պատումի բարդ կառուցվածքներ։


ՓՈՐՁԵ՛Ք ԻՆՔՆԵՐԴ



1. Պատմություն բառերի ասոցիացիաներով։ Գրեք կարճ պատմվածք՝ օգտվելով բառերի ասոցիացիաներից. սկսեք կամայական բառից և ստեղծեք բառերի շղթա, որոնք մեկը մյուսի ասոցիացիաներն են։ Այնուհետև գրեք կարճ պատմվածք՝ օգտագործելով այդ բառերը։

2. Հակադարձ ժամանակագրություն։ Գրեք պատմություն ժամանակագրական հակառակ հաջորդականությամբ՝ սկսելով պատմության ավարտից և հերթականությամբ հետ գալով։

3. Միայն դիալոգներ։ Գրեք կարճ պատմվածք՝ օգտագործելով միայն դիալոգներ՝ երկու և ավելի կերպարների միջև և առանց այլ նկարագրությունների։

4. Այբուբենապատում։ Գրեք պատմություն, որտեղ յուրաքանչյուր նախադասություն սկսվում է այբուբենի հաջորդական տառերով՝ սկսելով Ա տառից հասնելով մինչև Ֆ։


5. Ջնջիչ պոեզիա։ Որևէ գրքից կամ թերթից առանձնացրեք ինչ–որ տեքստ, այնուհետև մարկերով սևացրեք տեքստի մեջ մի շարք բառեր։ Իսկ այն բառերը, որոնք մնացին՝ վերադասավորեք և բանաստեղծություն գրեք դրանց օգնությամբ։

6. Վերացական զգայապատում։ Ընտրեք որևէ վերացական հասկացություն կամ հույզ, ինչպիսին է սերը, արդարությունը կամ միայնությունը: Գրեք պատմվածք, որտեղ ձեր ընտրած հույզն է գլխավոր հերոսը։ Փորձեք կառուցել պատմություն այդ հույզի շուրջ։

7. Սինեսթեզիկ նկարագրություններ։ Օգտագործեք սինեսթեզիայի փորձը ձեր գրվածքներում, օրինակ, նկարագրեք որևէ ձայն՝ գույնի կամ համի տեսանկյունից կամ որևէ հոտ՝ շոշափելիքի տեսանկյունից։

8. Գիտակցության հոսքի մենախոսություն: Գրեք կերպարի մենախոսություն՝ որևէ նշանակալի իրադարձության վերաբերյալ՝ օգտագործելով գիտակցության հոսքի տեխնիկան. առանց դադարի և միջամտությունների ներկայացրեք կերպարի մտքերի և հիշողությունների հոսքը:


9. Լեզվաբանական փորձարկում։ Գրեք կարճ պատմվածք կամ բանաստեղծություն՝ փորձարկելով լեզվական տարբեր կառուցվածքներ՝ կիրառեք անսովոր շարահյուսություն, նորաբանություններ կամ ձևաբանական արտասովոր կառուցվածքներ:


10. Փիլիսոփայական երկխոսություն: Գրեք երկխոսություն երկու կամ ավելի կերպարների միջև, ովքեր ունեն հակադիր փիլիսոփայական տեսակետեր: Նրանց զրույցի միջոցով ուսումնասիրեք բարդ գաղափարներ, էթիկական երկընտրանքներ կամ մետաֆիզիկական հասկացություններ: Կարող եք ինքներդ հորինել փիլիսոփայական նոր իդեալոգիաներ։

11. Մետաֆիքշըն պատմություն։ Գրեք կարճ պատմվածք, որտեղ ձեր գրված տեքստը կունենա ինքնագիտակցություն՝ պատմելով ինքն իր մասին տարբեր տեխնիկաների միջոցով` նկարագրությունների, երկխոսությունների, մեկնաբանությունների և այլն։


12. Աբսուրդապատում։ Գրեք պատմություն, որն ընդգրկում է աբսուրդի գրականության սկզբունքները. ստեղծեք կերպարներ և իրադարձություններ, որոնք հակասում են տրամաբանությանը, բանականությանը կամ պատումի ավանդական ձևերին:


13. Ինտերակտիվ պատում։ Գրեք պատմվածք, որն առաջարկում է ընթերցողներին ընտրություն կատարել՝ թույլ տալով նրանց ազդել պատմության արդյունքի վրա:


*Չմոռանաք կիսվել արդյունքներով* :))

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page