top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Հերոսի Արքետիպը Պատմություններում


Նկար 1, Հերոսի Ճանապարհորդության Փուլերը

Հերոս բառը հունարեն է. արմատապես այն նշանակում է «պաշտպանել ու ծառայել»։ Հերոսը նա է, ով պատրաստ է զոհաբերել իր սեփական կարիքները հանուն մյուսների, ինչպես հովիվը կզոհաբերեր իրեն՝ պաշտպանելու իր հոտն ու ծառայելու նրան։ Հերոսի գաղափարն անմիջապես կապված է ինքնազոհաբերության հետ։ (Նշեմ, որ հերոս բառն օգտագործում եմ նկարագրելու համար պատմության գլխավոր կերպարին կամ պրատագոնիստին՝ անկախ սեռից)։


ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Եթե խոսենք հոգեբանության եզրույթներով՝ Հերոսի արքետիպն իրենից ներկայացնում է, ինչպես Ֆրոյդն էր կոչում, էգոն՝ անձի այն մասը, որն առանձին է իր մորից և ով իրեն համարում է ողջ մարդկությունից առանձնացված մեկը։ Ի վերջո, Հերոսը նա է, ով ունակ է էգոյի սահմաններն ու պատրանքները գերազանցել։ Հերոսները հենց այդ էգոներն են, այդ ԵՍ-ը, անձն ու ինքնությունը, ով կարծում է, թե տարբերվում է իր խմբից։ Շատ Հերոսներ իրենց ճանապարհորդությամբ* առանձնացնում են ընտանիքից կամ տոհմից, որը հավասարազոր է երեխայի՝ իր մորից առանձնանալու փորձին։


Հերոսի արքետիպը հենց էգոն է և էգոյի՝ ինքնության և ամբողջականության որոնումները։ Լիարժեք ու ինտեգրված մարդ դառնալու ճանապարհին մենք բոլորս Հերոսներ ենք, ովքեր առճակատվում են ներքին պահապաններին, հրեշներին ու օգնականներին։ Մեր սեփական մտքերը բացահայտելու ճանապարհին մենք հանդիպում ենք ուսուցիչների, պահապանների, դևերի, աստվածների, զուգընկերների, ծառաների, քավության նոխազների, տերերի, գայթակղողների, դավաճանների ու դաշնակիցների, ովքեր մեր անձի ու երազների մի մասն են կազմում։ Հերոսի կյանքում պատահած բոլոր չարագործներին, խաբեբաներին, սիրեցյալներին, ընկերներին ու թշնամիներին կարող ենք գտնել մեր ներսում։ Հոգեբանական խնդիրը, որին բոլորս էլ բախվում ենք, այդ առանձին մասերը մեկ ամբողջական, հավասարակշռված էության մեջ ինտեգրելն է: Էգոն ու Հերոսը պետք է միավորվեն, որպեսզի դառնան ամբողջական ԵՍ։


ԴՐԱՄԱՏԻԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑՈՒՄ

Հերոսի դրամատիկական նպատակն է հանդիսատեսին տալ պատուհան, որը բացվում է դեպի պատմությունը։ Ցանկացած պատմության հենց ամենասկզբից մենք կարծես թե Հերոսի հետ նույնանալու և միաձուլվելու հրավեր ենք ստանում, ինչպես նաև տեսնելու պատմության աշխարհը նրա աչքերով: Գրողներն ու պատմություններ պատմողները դա անում են հետևյալ կերպ. նրանք իրենց Հերոսներին համընդհանուր և եզակի որակական հատկանիշներ են տալիս:


Հերոսներն ունեն այնպիսի հատկանիշներ, որոնցով բոլորս կարող ենք նույնացվել և ճանաչել դրանք մեր մեջ. համընդհանուր մղումներ, որոնք բոլորիս էլ հոգեհարազատ են՝ սիրված ու հասկացված լինելու, հաջողության հասնելու, գոյատևելու, ազատության, վրեժխնդրության, սխալներն ուղղելու կամ ինքնադրսևորվելու ձգտումը: Նման պատմությունները հրավիրում են մեզ մեր ինքնության մի մասը ներդնել Հերոսի մեջ։ Եվ այդ իմաստով՝ մենք ինչ-որ մի պահից դառնում ենք Հերոս՝ ինքներս մեզ պրոյեկտելով Հերոսի հոգեկան աշխարհի մեջ և դիտելով աշխարհը նրա աչքերով: Անհրաժեշտ է, որ Հերոսներն ունենան այնպիսի հատկանիշներ, որոնք կարող են առաջացնել հիացմունք և ցանկություն՝ նմանվելու նրանց։



Հերոսները պետք է ունենան համընդհանուր հատկանիշներ, հույզեր և դրդապատճառներ, որոնք հասկանալի են բոլորին. վրեժխնդրություն, բարկություն, կիրք, մրցակցություն, տարածքային իշխանության ձգտում, հայրենասիրություն, իդեալիզմ, ցինիզմ կամ հուսահատություն։ Սակայն Հերոսները պետք է լինեն եզակիությամբ օժտված մարդիկ, այլ ոչ թե կարծրատիպային էակներ կամ կանխատեսելի թիթեղյա աստվածներ՝ առանց թերությունների։


Ոչ ոք չի ցանկանում դիտել ֆիլմ կամ կարդալ պատմություններ աբստրակտ հատկանիշներով օժտված մարդկային կերպարանքների մասին: Իրական կերպարը, ինչպես իրական մարդիկ, միայն մեկ հատկանիշով չէ, որ օժտված է, այլ բազմաթիվ հատկությունների և մղումների եզակի համադրությամբ, որոնցից որոշները կարող են հակասական բնույթ ունենալ: Եվ որքան հակասական՝ այդքան ավելի լավ: Կերպարը, որն ունի ներքին հակասական այնպիսի մղումներ, ինչպիսիք են վստահությունն ու կասկածը, հույսն ու հուսահատությունը, ավելի իրատեսական և մարդկային է թվում, քան նա, ով ցուցադրում է բնավորության միայն մեկ գիծ:


Լավ կառուցված հերոսը կարող է լինել վճռական, տատանվող, հմայիչ, մոռացկոտ, անհամբեր և ուժեղ մարմնով, իսկ սրտով՝ թույլ, և այդ բոլորը՝ միաժամանակ: Դա յուրահատուկ հատկանիշների համակցություն է, որ հանդիսատեսի մոտ Հերոսի եզակիության տպավորություն է ստեղծում։


ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿԱՄ ԱՃ

Պատումի մեկ այլ գործառույթ, որով օժտված է Հերոսը՝ սովորելու և զարգանալու հատկությունն է: Սցենարը վերլուծելիս երբեմն դժվար է ասել, թե ով է գլխավոր հերոսը: Հաճախ լավագույն պատասխանը սա է. գլխավոր հերոսը նա է, ով ամենաշատն է սովորում կամ աճում պատմության ընթացքում: Հերոսները հաղթահարում են խոչընդոտներ և հասնում իրենց նպատակներին, բայց նաև ձեռք են բերում նոր գիտելիքներ և իմաստնանում են: Շատ պատմությունների գլխավոր թեման հերոսի և մենթորի, հերոսի և սիրեցյալի կամ նույնիսկ հերոսի և չարագործի՝ միմյանց միջև գիտելիքի փոխանակումն է: Մենք բոլորս միմյանց ուսուցիչներն ենք։


ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Հերոսական մեկ այլ կարևոր գործառույթ է գործողություն կատարելը: Հերոսը սովորաբար պատմության ամենաակտիվ մարդն է: Նրա կամքն ու ցանկություններն են, որ առաջ են մղում պատմությունը: Սցենարներում հաճախ հանդիպող սխալներից մեկն այն է, երբ ողջ պատմության ընթացքում Հերոսը շատ ակտիվ է, իսկ ամենածայրահեղ պահին՝ դառնում է պասիվ և փրկվում է արտաքին ուժերի օգնությամբ: Սակայն առաջին հերթին հենց այդ պահին է, որ Հերոսը պետք է լինի լիարժեք ակտիվ և ամբողջությամբ տնօրինի իր ճակատագիրը: Հերոսը պետք է կատարի պատմության վճռորոշ գործողությունը, այն, որն անելու համար պահանջվում է առավելագույն ռիսկ և պատասխանատվություն:


ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ սովորաբար կարծում են, թե Հերոսները նրանք են, ովքեր ուժեղ են կամ խիզախ, բայց այս հատկանիշները երկրորդական են՝ կերպարի հերոսականությունը մատնող ամենակարևոր հատկանիշի՝ զոհողության կողքին: Զոհողությունը Հերոսի պատրաստակամությունն է՝ հրաժարվել ինչ-որ արժեքավոր բանից, գուցե նույնիսկ իր սեփական կյանքից՝ հանուն ինչ–որ գաղափարի կամ մարդկանց խմբի:


ՄԱՀՎԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՈՒՄԸ

Յուրաքանչյուր պատմության հիմքում մահվան հետ առերեսումն է ընկած: Եթե Հերոսին չի սպառնում իրական մահը, ապա պետք է լինի մահվան կամ խորհրդանշական մահվան ներկայություն՝ բարձր խաղադրույքների, սիրային հարաբերությունների կամ արկածների տեսքով, որոնց հետ հանդիպելիս Հերոսը կարող է կա՛մ հաջողության հասնել (ապրել) կա՛մ ձախողել (մահանալ): Հերոսները մեզ սովորեցնում են, թե ինչպես վերաբերվել մահվանը: Նրանք կարող են ողջ մնալ՝ ցույց տալով այն, որ մահն այդքան էլ դաժան բան չէ կամ կարող են մահանալ (գուցե միայն խորհրդանշականորեն) և վերածնվել՝ ցույց տալով, որ մահը կարող է պարտվել կյանքին: Նրանք կարող են մեռնել հերոսի մահով. պատրաստակամորեն իրենց կյանքը նվիրել հանուն ինչ-որ գործի, գաղափարի կամ մարդկանց խմբի՝ այսպիսով հաղթելով մահվանը։ Պատմություններում իսկական հերոսություն է դրսևորվում, երբ Հերոսները պատրաստ են իրենց դնել պատահականության զոհասեղանին՝ ռիսկի գնալով, սակայն իմանալով նաև, որ այդ արկածախնդրությունը կարող է վտանգի, կորստի կամ մահվան հանգեցնել: Հերոսներն ընդունում են զոհաբերության մարտահրավերը: Ամենատպավորիչ հերոսները նրանք են, ովքեր զոհողությունների են գնում: Նրանք կարող են իրենց ճանապարհին հրաժարվել սիրելի մարդուց կամ ընկերոջից: Նրանք կարող են հրաժարվել իրենց նվիրական սովորություններից կամ յուրահատկությունից՝ վճարելով նոր կյանք մտնելու գինը: Նրանք կարող են վերադարձնել իրենց հաղթանակների մի մասը կամ կիսվել այն ամենով, ինչը ձեռք են բերել Յուրահատուկ Աշխարհում: Նրանք կարող են վերադառնալ իրենց տոհմին կամ իրենց գյուղը, և բերել պարգևներ, էլիքսիրներ, սնունդ կամ գիտելիքներ՝ մյուսների հետ կիսվելու նպատակով։


ԿԵՐՊԱՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերությունները կերպարին կարող են դարձնել ավելի մարդկային: Մենք կարող ենք ինքներս մեզ ճանաչել այն հերոսի մեջ, ով ստիպված է հաղթահարել իր ներքին կասկածները, սխալները, անցյալի տրավմաները, խղճի խայթը կամ միգուցե՝ ապագայի հանդեպ վախը: Թուլությունները, անկատարությունները, տարօրինակություններն ու արատները հերոսին դարձնում են ավելի իրական և գրավիչ: Թվում է, թե որքան ավելի նևրոտիկ են կերպարները, այնքան հանդիսատեսն ավելի շատ է սիրում նրանց և նույնացնում իրենց այդ կերպարների հետ: Թերությունները կերպարին տալիս են առաջ գնալու հնարավորություն. այսպես կոչված կերպարային աղեղ*, երբ կերպարը զարգանում է՝ A վիճակից հասնում է մինչև Z վիճակը՝ իր գործողությունների շնորհիվ: Թերություններն այն մեկնարկային կետն են, որտեղից հերոսը կարող է սկսել իր զարգացման ուղին:


ՀԵՐՈՍԻ ՏԻՊԵՐԸ

Հերոսները բաժանվում են տարբեր տիպերի, այդ թվում՝ պատրաստակամ և տատանվող, խմբորոշված և միայնակ Հերոսներ, Հակահերոսներ, ողբերգական Հերոսներ և Հերոս–կատալիզատորներ: Ինչպես և ցանկացած այլ արքետիպ, Հերոսը ճկուն և դինամիկ հասկացություն է, որը կարող է ունենալ բազմաթիվ դրսևորումներ: Հերոսները կարող են միավորվել այլ արքետիպերի հետ՝ ստեղծելով այնպիսի հիբրիդային կերպարներ, ինչպիսիք Խաբեբա Հերոսն է, կամ կարող են ժամանակավորապես կրել մեկ այլ արքետիպի դիմակ՝ դառնալով Շեյփշիֆթեր (Shapeshifter*), մենթոր՝ մեկ ուրիշ կերպարի համար կամ նույնիսկ Ստվեր (Shadow*): Չնայած նրան, որ Հերոսը սովորաբար ներկայացվում է որպես դրական կերպար, նա կարող է արտահայտել նաև անձի մութ և բացասական կողմեր:


ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՎ ՏԱՏԱՆՎՈՂ ՀԵՐՈՍ

Հերոսները, մեծ հաշվով, բաժանվում են երկու տիպի, նրանք կամ պատրաստակամ են՝ ակտիվ, չափազանց եռանդուն, արկածներին նվիրված, ինքնավտահ, միշտ համարձակորեն առաջ են գնում, ինքնամոտիվացվում են կամ տատանվող են՝ լի կասկածներով, պասիվ են, առաջ գնալու համար նրանք կարիք ունեն, որպեսզի արտաքին ուժերն իրենց դրդեն և մոտիվացնեն։

Այս երկուսն էլ կարող են պատմությունը զվարճալի դարձնել, թեև այն Հերոսը, ով պասիվ է ամբողջ ընթացքում, կարող է դրամատիկ պատումի մեջ ներգրավվածության պակաս ստեղծել: Տատանվող Հերոսի համար լավագույն տարբերակն է ինչ–որ պահից սկսած փոխվելն ու արկածներին հավատարիմ դառնալը՝ բավարար չափով մոտիվացվելուց հետո միայն։


ՀԱԿԱՀԵՐՈՍ

Հակահերոսը սայթաքուն ու շփոթեցնող եզրույթ է։ Պարզ ասած, Հակահերոսը ոչ թե Հերոսի հակապատկերն է, այլ Հերոսի յուրահատուկ տեսակ, ով հասարակության տեսանկյունից կարող է լինել օրինազանց կամ չարագործ մեկը, բայց ում համակրում է հանդիսատեսը: Մենք մեզ նույնացնում ենք այս աութսայդերների հետ, քանի որ բոլորս էլ ինչ–որ պահի մեզ զգացել ենք հենց այդպիսին: Հակահերոսները կարող են լինել երկու տիպի. 1. կերպարներ, որոնք ավելի շատ պայմանականորեն են հերոսներ, բայց կարող են դրսևորել ցինիկ վարքագիծ և ունենալ խոցելի կողմեր, 2. ողբերգական հերոսներ, ովքեր պատմության կենտրոնական կերպարն են, սակայն կարող են դուր չգալ և չհիացնել հանդիսատեսին իրենց արարքներով:


Խոցված Հակահերոսը կարող է լինել հերոսական հատկանիշներով օժտված ասպետ, միայնակ մարդ, ով մերժել է հասարակությունը կամ մերժվել նրա կողմից: Այս կերպարները կարող են հաղթել վերջում և ձեռք բերել հանդիսատեսի համակրանքը, բայց հասարակության աչքում նրանք, ամեն դեպքում, մնում են վտարվածներ: Նրանք հաճախ հարգելի մարդիկ են, ովքեր հեռացել են հասարակության արատներից՝ օրինակ կաշառակերությունից, գուցե նախկին ոստիկաններ կամ զինվորներ են, ովքեր հիասթափվել են և այժմ գործում են օրենքի ստվերում՝ որպես մասնավոր մեկը: Մենք սիրում ենք այս կերպարներին, որովհետև նրանք ապստամբներ են, ովքեր դեմ են կանգնում հասարակությանը, հոսանքին, այնպես, ինչպես մենք բոլորս կցանկանայինք անել:


Հակահերոսի երկրորդ տիպն ավելի շատ ողբերգական հերոսի դասական օրինակին է նման։ Սրանք արատավոր Հերոսներ են, ովքեր երբեք չեն հաղթահարում իրենց ներքին դևերին և կարող են ոչնչացվել վերջիններիս կողմից: Չնայած դրան՝ ողբերգական հակահերոսները կարող են լինել հմայիչ, ունենալ հիացմունքի արժանի հատկանիշներ, բայց նրանց գլխավոր թերությունն ի վերջո հաղթում է:


ԽՄԲՈՐՈՇՎԱԾ ՀԵՐՈՍ (Group-Oriented)

Հերոսի մեկ ուրիշ տիպ է խմբորոշված հերոսը, ով պատմության մեջ իր մղումներով ու ցանկություններով ուղղված է դեպի այն հասարակությունը, որտեղ ապրում է: Հերոսների մեծամասնությունը խմբային կողմնորոշում ունի. պատմության սկզբում այս հերոսները հասարակության մի մասն են, բայց ճանապարհորդությունը նրանց տանում է հեռու ու անհայտ տարածքներ: Սկզբում, երբ մենք ծանոթանում ենք նպանատիպ հերոսների հետ, նրանք իրենց տոհմի, ցեղի, գյուղի, քաղաքի կամ ընտանիքի անբաժան մասն են կազմում: Եվ նրանց պատմությունը հենց այդ խմբից բաժանվելու պատմությունն է (Արար 1), հետո նրանք ուղևորվում են իրենց խմբից հեռու՝ միայնակ ու արկածախնդիր ցանկություններով լցված(Արար 2), իսկ սովորաբար վերջում, նրանք ամբողջությամբ միավորվում են իրենց խմբի հետ (Արար 3): Խմբորոշված Հերոսները հաճախ ընտրության առաջ են կանգնում՝ կամ վերադառնալ իրենց Սովորական Աշխարհը* կամ մնալ Հատուկ Աշխարհում*: Երկրորդ տարբերակն ընտրող հերոսները հազվադեպ են պատահում արևմտյան մշակույթում, բայց նրանք բավականին տարածված են ասիական և հնդկական հեքիաթներում:



ՄԻԱՅՆԱԿ ՀԵՐՈՍ

Ի հակադրություն խմբորոշված հերոսի՝ ունենք նաև արևմտյան Միայնակ Հերոսը, ում պատմությունը սկսվում է հասարակությունից օտարումով: Նրանց բնական միջավայրը վայրի ու բնական վիճակն է՝ մենությունը։ Նրանց ճանապարհորդությունը սկսվում է որևէ խումբ մուտք գործելով (Արար 1), շարունակվում է այդ խմբի հետ բազմաթիվ արկածներով (Արար 2) և ավարտվում է կրկին միայնակ կյանքին հետ վերադառնալով (Արար 3): Նրանց համար Հատուկ Աշխարհը հենց այն խումբն է, որին նրանք միանում են 2-րդ արարում, բայց որտեղ նրանք միշտ օտար են զգում իրենց: Օրինակ՝ միայնակ դետեկտիվը արկածի գայթակղություն է ունենում, մեկուսացված մարդը կամ թոշակառուն հետ է կանչվում իր նախկին հասարակությունը կամ էմոցիաներից ինքն իրեն մեկուսացրած կերպարին մարտահրավեր է նետում հարաբերությունների աշխարհը: Ինչպես խմբորոշված, այնպես էլ միայնակ Հերոսները վերջնական ընտրության հնարավորություն ունեն՝ վերադառնալ իրենց սկզբնական վիճակին (մենություն) կամ մնալ 2-րդ արարի Հատուկ Աշխարհում: Որոշ Հերոսներ իրենց ճանապարհորդությունը սկսում են որպես միայնակ հերոսներ, բայց ընտրում են մնալ խմբի հետ ու դառնում՝ խմբորոշված հերոս։




ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐ ՀԵՐՈՍ

Հերոսի մի քանի տիպեր կան, ովքեր խախտում են այն ոսկե կանոնը, համաձայն որի՝ Հերոսը պետք է փոփոխություն կրի պատմության ընթացքում: Սրանք կոչվում են կատալիզատոր հերոսներ, ովքեր կրում են հերոսական հատկանիշներ, բայց նրանք գրեթե չեն փոխվում պատմության ընթացքում, ավելի շատ՝ մյուսների վերափոխման համար հանդիսանում են որպես «կատալիզատորներ»: Իսկական կատալիզատորի պես՝ նրանք փոխում են համակարգը՝ առանց իրենք իրենց փոխվելու: Հիմնականում, կատալիզատոր հերոսներն արդեն ձևավորված կերպարներ են, ովքեր կարիք չունեն փոխվելու և զարգացնելու իրենց կերպարային աղեղը։

Կատալիզատոր հերոսները կարող են օգտակար լինել հատկապես շարունակվող պատմություններում՝ օրինակ սերիալներում։

Իհարկե, լավ գաղափար է երբեմն այս կերպարներին տալ աճի և փոփոխության հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան հավատ ներշնչել հանդիսատեսին։



ՀԵՐՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հերոսները հոգու կերպարանափոխման խորհրդանիշներ են և այն ճանապարհի, որն անցնում է մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում: Հենց այդ առաջընթացի ու զարգացման բնական փուլերը կազմում են Հերոսի ճանապարհորդության էությունը: Հերոսի արքետիպը շատ մեծ հասկացություն է և ենթակա է ուսումնասիրության։

Քերոլ Ս. Փիրսոնն իր «Արթնացնելով ներսի հերոսներին» (Awakening the Heroes Within) գրքում ավելի է բացում հերոսի կերպարը և այն բաժանում մի քանի արքետիպերի՝ նշելով յուրաքանչյուրի հուզական առաջընթացը (Անմեղը, Որբը, Նահատակը, Թափառողը, Ռազմիկը, Խնամատարը, Փնտրողը, Սիրահարը, Կործանողը, Ստեղծողը, Տիրակալը, Մոգը, Իմաստունը և Հիմարը)։

Այն հրաշալի ուղեցույց է Հերոսի կերպարը խորությամբ ըմբռնելու տեսանկյունից: Իսկ կին հերոսների անցած յուրահատուկ ճանապարհը շատ լավ նկարագրված է Մորին Մերդոկի «Հերոսուհու ճամփորդությունը. Կնոջ՝ ամբողջականության որոնումը» (The Heroine's Journey: Woman's Quest for Wholeness) գրքում:


***

Թարգմանությունը՝ Քրիստոֆեր Վոգլերի (Christopher Vogler) «Գրողի Ճանապարհորդությունը. Միֆական Կառուցվածք Գրողների Համար» (The Writer's Journey: Mythic Structure for Writers) գրքից։



*Հերոսի Ճանապարհորդություն (Hero's Journey)– Վոգլերի առաջարկած պատումի փուլային շրջանակն է (որն իր հերթին ստեղծվել է Ջոզեֆ Քեմփբելի «Հազարերեսանի Հերոսը» գրքում նկարագրված առասպելական հերոսի ու իր անցած ճանապարհի հիման վրա)։ Այն ուրվագծում է հերոսի զարգացման արքետիպային ու առասպելական փուլերը (ընդհանուր՝ 12 փուլ): Տես՝ նկար 1


*Կերպարային Աղեղ (Character Arc)– Պատմության ընթացքում Կերպարի զարգացման և փոխակերպման հատկանշական ուղին է։ Այն ներառում է կերպարի բոլոր փոփոխությունները՝ սեփական փորձի, մարտահրավերների և զարգացման արդյունքում։


*Շեյփշիֆթեր (Shapeshifter)- արքետիպային կերպար է, ով խորհրդանշում է փոփոխություն և կերպարանափոխում։ Այս կերպարները պատմության ընթացքում կարող են անսպասելիորեն փոխվել և վերածվել այլ արքետիպի։ Օրինակ՝ Սեվերուս Սնեյփը «Հարրի Փոթերի» պատմության ողջ ընթացքում ներկայանում է որպես անտագոնիստ՝ հակառակորդ ուժ, սակայն վերջում պարզվում է, որ նա դաշնակից և ընկեր է ու հավատարիմ է պրատագոնիստներին։


*Ստվեր (Shadow)- Այս կերպարը մատնանշում է Հերոսի մութ, չբացահայտված ու գաղտնի կողմը։ Օրինակ Գոլումը «Մատանիների Տիրակալ»-ից. նա մարմնավորում է գլխավոր հերոսի ճանապարհորդության բացասական կողմը։

*Սովորական Աշխարհ (Ordinary World)- Հերոսի ճանապարհորդության մեկնարկային կետն է։ Ներկայացնում է Հերոսի աշխարհը՝ նախքան Արկածի Կանչը։ Սովորական աշխարհը Հերոսի համար իրեն ծանոթ և հարմարավետ աշխարհն է։


*Հատուկ Աշխարհ (Special World)- Սովորական աշխարհից այն կողմ գտնվող տիրույթն է, որտեղ հերոսը պետք է ճամփորդի՝ իր քվեստն իրականացնելու նպատակով: Հատուկ աշխարհը հաճախ բնութագրվում է անծանոթ միջավայրով, վտանգներով և մարտահրավերներով, որոնք հերոսը պետք է հաղթահարի:

Bình luận


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page