ԳԻՐՔ* Եթե ձմռան մի գիշեր ճամփորդը [If on a winter's night a traveler]
ՀԵՂԻՆԱԿ* Իտալո Կալվինո [Italo Calvino]
ԺԱՆՐ/ ՈւՂՂՈւԹՅՈւՆ* Պոստմոդեռնիստական վեպ
Պատմություն պատմության մեջ կամ ինչպես ասում են շրջանակված պատմություն [frame story]:
Երբ սկսում ենք գիրք կարդալը, մենք անմիջապես ընդունում ենք գրքի պայմանական միջավայրն ու հերոսներին։ Այլ կերպ չի կարող լինել, քանի որ հեղինակը հենց այդպե՛ս է գրել։ Այլ բան է, որ յուրաքանչյուրս կարող է տարբեր կերպ մեկնաբանել գիրքը։
Բայց պատկերացնենք, որ հեղինակի ձայնն ու գրքի պայմանականությունը դուրս են եկել գրքի սահմաններից, ու հեղինակը դիմում է հենց մեզ։
Ու նաև պարզվում է, որ մենք ոչ միայն ընթերցողն ենք, այլ նաև այն հերոսը, ում դիմում է հեղինակը։ Այսպիսով մենք էլ դառնում ենք կերպար՝ կերպարի մեջ։
«Եթե ձմռան մի գիշեր ճամփորդը» գիրքն առաջին հայացքից աբսուրդ իրականություն է հրամցնում մեզ։
Գիրքը սկսվում է այս նախադասությամբ.
ԴՈՒ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՍ ԿԱՐԴԱԼ ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈՅԻ «ԵԹԵ ՁՄՌԱՆ ՄԻ ԳԻՇԵՐ ՃԱՄՓՈՐԴԸ» ԳԻՐՔԸ։
Գրքի արտասովորությունը*
Իտալո Կալվինոյի «Եթե ձմռան մի գիշեր ճամփորդը» գիրքն այն մասին է, թե ինչպես է գրքի հերոսը՝ ընթերցողը, սկսում կարդալ Իտալո Կալվինոյի «Եթե ձմռան մի գիշեր ճամփորդը» վերնագրով գիրքը, սակայն ինչ-որ մի տեղ այն ընդհատվում է։
Ընթերցողը փորձում է գտնել գրքի շարունակությունն ու պարզում է, որ այն ինչ կարդում էր՝ լրիվ ուրիշ գիրք է և պատկանում է մեկ այլ հեղինակի։ Հետո նրան տալիս են այդ «ճիշտ» գիրքը, որն էլի ինչ-որ պահի ընդհատվում է։ Եվ այդպես շարունակ։
Ամեն անգամ, երբ հերոսը նոր գիրք է վերցնում, այն հույսով, որ ի վերջո կգտնի նախորդ գրքի շարունակությունը, այնտեղ նոր պատմություն է լինում։ Մենք էլ հերոսի պես իր հետ միասին սկսում ենք կարդալ այն, ու հերոսի պես հունից դուրս ենք գալիս, երբ պատմությունն ընդհատվում է։
Սկսում ենք մեզ նույնականացնել հերոսի հետ։ Որովհետև այն ինչ պատահում է նրա հետ, մեզ հետ էլ է պատահում։
Սա է գրքի կախարդական հատկությունը. հեղինակի հորինած աբսուրդ իրականությունը դառնում է մերը։
* Գիրքն այն հազվագյուտ ստեղծագործություններից է, որի մի մասը գրված է երկրորդ դեմք դիտակետից [point of view կամ POV]։
Comments