Ինչ-որ դիստոպիկ ապագայում տեխնածին աղետի հետևանքով Ճապոնիան հայտնվել է ծայրահեղ պայմաններում՝ փակվել են երկրի սահմանները, սկսել են գործել անհեթեթ օրենքներ. արգելվել է օտարալեզու բառերի օգտագործումը, անգամ իրերի գերեզմանատուն է ստեղծվել, որպեսզի մարդիկ ազատվեն հին աշխարհի մասին հիշեցնող ցանկացած իրից։
Հարյուրամյա Յոշիրոն այն ծերերից է, ով հիշում է կյանքն աղետից առաջ։ Ունենալով բարձր դիմադրողականություն, նա վստահ է իր՝ գրեթե անմահ լինելու մեջ, սակայն նույնը չենք կարող ասել իր թոռան՝ Մումեյի մասին, ով, էսպես ասած, «աղետից հետո»-ի սերնդից է, և ում առողջությունն ավելի քան վտանգված է։ Յոշիրոն փորձում է ամեն ինչ անել իր թոռան կյանքը երկարացնելու (կամ գոնե չկարճելու) համար։ Ստացվու՞մ է իր մոտ արդյոք։ Աստված գիտի ։Ճ
Չնայած շատ յուրակերպ գրելաոճին, լեզվական հարուստ արտահայտչամիջոցներին, պատմությունն ինձ համար արհեստական էր և կիսատ։
Ճիշտ է, տեղի էր ունեցել աղետ, հասկանալի էր, որ երկիրն իրոք ծանր պայմաններում է, և պարզ չէ, թե ինչ է սպասվում ժառանգներին։ Բայց դրա հետ մեկտեղ, միևնույն է, այստեղ բացակայում էր դիստոպիաներին բնորոշ ԿՈՆՖԼԻԿՏԸ, շատ կարևոր մի բան, որի պակասը հենց ամենասկզբից էլ նկատելի էր։ Հերոսներն իրենց պասիվ ու համակերպված էին պահում. ես ուղղակի չկարողացա կարեկցել և ապրումակցել նրանց։
Կարծում եմ՝ հեղինակի մոտ չէր ստացվել դիստոպիկ աշխարհ ստեղծելը՝ իր տրամաբանությամբ և օրենքներով։ Ավելի շատ մեր իրականության նկարագիրն էր՝ պարզապես սյուժեի մակարդակում միջավայրի փոփոխությամբ։
Իսկ կերպարներին լիարժեք տարածություն տրված չէր. իրենք օդից ընկնում էին պատմության մեջ, հետո նորից հետ բարձրանում։
Էսպես լողալով հասա պատմության վերջին և միայն ուրախացա, որ գիրքը գոնե կարճ էր (չնայած, շատ հնարավոր է՝ երկար լինելու դեպքում ավելի հաջող գործ ստացվեր)։
Comments