top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Love Death + Robots/Սեր Մահ + Ռոբոտներ


Love Death+Robots- անիմացիոն անթոլոգիա, իրարից անկախ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերից բաղկացած սերիալ, որի յուրաքանչյուր էպիզոդ ստեղծել են տարբեր անիմացիոն ստուդիաներ։


Սերիալը ժանրային, թեմատիկ ու ոճական առումով խիստ բազմազան է. սև կատակերգություն, գիտաֆանտաստիկա, գիտական ֆենթըզի, ֆուտուրիստական սարսափ և այլն։


2022 թվականի մայիսի 20-ին դուրս եկավ սերիալի 3-րդ սեզոնը (9 էպիզոդ), որը վերջերս միայն հասցրի դիտել։ Այս անգամ ամեն ինչ շատ ավելի մռայլ էր՝ մահվան շունչն ամեն քայլափոխին էր. այն պտտվում էր մարդկության ոչ այդքան պայծառ ապագայի, տեխնոլոգիաների օրինաչափ ու անդարձելի վնասներ հասցնող զարգացման ու տիեզերական սարսափի բազմաթիվ դրսևորումների շուրջ։


EP 1. Three Robots: Exit Strategies- Մարդկությունն ամեն ինչ ուներ իր մոլորակը փրկելու համար, բայց ագահությունն ու սնափառությունը հաթող եղան։ Երեք ռոբոտները պիտի փորձեն բացահայտել մարդկության կործանման պատճառներն ու շատ տխուր փաստերի առաջ կանգնեն՝ երբեք էլ լիարժեք չապրումակցելով homo sapiens-ին։


EP 2. Bad Travelling- Այս անգամ մռայլ ապագան լցված է վտանգավոր օվկիանոսներով, արնախում շնաձուկ–արարածներով, ունենք մարդկային անարդարության և դաժանության հավաքական կերպարներ, արյամբ ու քրտինքով հագեցած տեսարաններ, իսկ ավարտը՝ երկիմաստ, վիճելի ու պայմանականորեն՝ տանելի ու արդար։


EP 3. The Very Pulse of the Machine- Շնչակտուր անող գունեղ տեսարաններ, տիեզերական մետաֆիզիկա, ագնոստիցիզմ ու սիմվոլիզմ։ Այստեղ մահը ոչ միայն ավարտը չէ, այլև նոր կյանքի ու տիեզերական նոր համակարգի սկիզբ է։ Զգայապատրանքներ, William Wordsworth, համընդհանուր տիեզերական միտք ու բանականություն ու լիքը սեր։


EP 4. Night of the Mini Dead- Արդյոք գիտե՞նք, թե որքան աննշան ենք մենք՝ տիեզերքի ամենակուլ մասշտաբներով։ Այս էպիզոդը ցինիկ ու ցավոտ ճշմարտության մասին է։


EP 5. Kill Team Kill- մետաղական, ծանր պատմություն, բրուտալ տղամարդիկ, կրակոցներ ու գոյության պայքար։


EP 6. Swarm- Հեռավոր ապագայում բնական ուտոպիա՝ էվոլյուցիայի արդյունքում։ Պայմանագրեր այլմոլորակայինների հետ, գերինտելեկտուալ բանականություն՝ պարսը, ով կուռ կարգուկանոնի հեղինակն է։ Ու նորից մարդկային միջամտությունը՝ քաոսի նախասկիզբ։


EP 7. Mason's Rats- Չկան լավ և վատ, տգեղ կամ գեղեցիկ կենսաբանական տեսակներ, կա միայն ապրելու ձգտում, գոյատևման ուժ և գործիքներ։ Հեռավոր ապագայում, երբ արդեն տեղի էր ունեցել 4-րդ համաշխարհային պատերազմը, առնետները կարողացել են զարգանալ այնքան, որ տարրական գոյատևման պայմաններն էլ չի բավարարում իրենց։ Նրանք ուզում են ավելին. տեսակների պայքարի, փոխշահավետ ընկերության, շփոթված ու բարի սրտով ծերուկի մասին։


EP 8. In Vaulted Halls Entombed- ինչպիսի՞ կրոնական հավատալիքներ կունենային այլմոլորակային արարածները, արդյո՞ք cosmic horror-ի բազմապատկում չէր լինի։ Այս էպիզոդում հենց այդպես է, որ կա. Մի խումբ զինվորներ, լրիվ ուրիշ առաքելությամբ, հայտնվում են սխալ պահին սխալ վայրում՝ բացահայտելով այլ բանականություններին պատկանող կրոնական մի տաճար ու այնտեղ բանտարկված աստծուն։ Արևի սիմվոլիզմ, հրե գնդեր, կուրություն ու մտքի խավարում։


EP 9. Jibaro- Շատ յուրահատուկ ոճով էր անիմացիան, կարծես իրականության ռիթմը փոխված էր։ Խուլ տղան չի կարողանում լսել Սիրենի ձայնը և չի հասկանում, թե ինչու են մյուսները կործանվում։ Գլխապտույտ առաջացնող բնության տեսարաններ, խոցված Սիրեն ու հիմար ասպետ, ով կարծում էր, թե լսողությունը զենք է ամենազորեղ։


Հուսամ..հուսամ կլինի 4-րդ եթերաշրջան։ Love Death+Robots-ը, չնայած այդքան մռայլությանը, ինձ համար լուսավոր կետ է, իրականությունից կտրող արվեստի մեծ ու համեղ պատառ, որը փորձում եմ փոքր չափաբաժիններով՝ վայելելով ամեն մի փշուր

Kommentare


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page