top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

ապոկալիպսիս

Թռչունները մոռացան չվել տաք երկրներ,

կորցրին օրացույցն ու քարտեզը,

ոմանք` կողմնացույցը։

Առանց հետ նայելու` գլուխներն առաջ պարզած,

հերթից դուրս ընկան,

որ նոր հերթեր գոյացնեն։

Ծաղիկները կորցրին իրենց անունները,

մոռացան գույների ու հոտերի իմաստը,

որ այդքան ժամանակ փորձում էին մտապահել։

Մոռացան ջրի կարևորության մասին

ու ամբողջ մարմնով հողի մեջ մտան՝

ո՛չ նորից ծաղկելու պայմանով։


Մարդիկ սպասելու փոխարեն

իրար վրա բարձրացան, որ դիտեն լուսաբացը։

Ոչ ոք չուզեց ներքևում մնալ,

բացի մեզնից,

որովհետև չհասցրինք ճիշտ արագությամբ վազել

ու հասնել հրե միջուկին։


Երկիրը հակառակ ուղղությամբ պտտվեց՝

դատարկ հատակը թողնելով մեզ։


…ու մահվան սիրած վայրում կանգնած սպասում էինք,

երբ այդպես էլ ոչ մի ստվեր մեզ ընդառաջ չեկավ։


0 comments

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page