Պատերը փորում են տխրության աչքերը:
Տխրությունը քերում է խոնավ պատերին:
Աչքերն իրենք իրենց մխիթարվում են:
Ժամացույցի սլաքները կանգնում են թարթիչների կողքին:
Թարթիչները մնում են սլաքների հույսին:
Սլաքները պտտեցնում են լարերը:
Կտկտոցը դառնում է տարածություն:
Բուրդը թափվում է վերև:
Վերևը հարվածում է հատակին:
Գորգն ինքն իրեն եռում է:
Դառնում է ծավալուն հեղուկ:
Ութի ու հինգի արանքում հայտնվում է բացը:
Սկսում են վիճել:
Երեքն ու չորսը բարձրանում են ներքև:
Յոթերից մեկը լցվում է վերև:
Բոլոր տասերը դառնում են կորիզ:
Թափանցիկ սևը փնտրում է հայելի:
Վերևում ծավալը նեխում է դատարկությունից:
Փետուրը սառչում է սեփական ծանրությունից:
Ապակին հալվում է իր չտեսնելու և ոչինչ չզգալու հատկություններից:
Արձանը հոգնում է իր ներսում եղած կենդանությունից:
Արյունը դառնում է քրտինք:
Քրտինքը կորցնում է իր գույնը: Դառնում է սպիտակ:
Արյունը վերցնում է սպիտակի հոտն ու դառնում գոլորշի:
Դեղինը քարանում է իր մեջ ամփոփված սևությունից:
Սևը վառվում է իր սեփական պայծառությունից:
Գիշերն ու ցերեկը գնդակ են խաղում:
Գնդակը դիպչում է ներսի անկյանն ու ծալվում:
Ներսն ու դուրսն իրար են հպվում:
Հպումը դառնում է գործողություն:
Կանաչն ինքնիրեն աճում է ներս:
Ներսը դուրս է գալիս:
Դուրսը մտնում է ներս:
Հեղուկն ու սառույցը գոլորշիանում են:
Գոլորշին դառնում է փոշի:
Մութը բացվում է:
Լույսը հետնամուտքից ողջունում է դռանը:
Դուռը փակվում է ընդմիշտ:
Մշտականը վերջանում է:
Կարճը մնում է հավերժ:
Երկարը լցվում է:
Հաստը՝ դատարկվում:
Փոքրն ու մեծը վերևից ձգտում են ներքև:
Ձգտումը փոխվում է: Փոխվածը մնում է կայուն:
Էությունը դառնում է հասկ:
Փայտը վառարանին ներում է:
Ներումը դառնում է կասկած:
Կասկածից ծնվում է երկաթյա ձողը:
Ձողը փակվում է իր մեջ:
Փակը դառնում է թափանցիկ:
Բացը սևանում է:
Comentarios