Տղան՝ մութ հայացքով,
որ վրաս փռված մատներն էր կոտրում, ասում էր.
Թույլ տուր գիտակցությանդ դուրս գալ մարմնիդ ճանկերից
ու տեսնել սպիտակ լույսից բացի
այլ վայրեր,
թող այն դուրս հոսի ճեղքերից քո
ու լցվի սենյակ՝ աշխարհին քեզ միացնող
միակ անկյունը.
ասում էր ու մատները կոտրում.
Անդունդ կա իմ ու քո մեջ՝
լցված այն տաք բաներով, որ միասին պատրաստեցինք
արդեն հանգչող կրակի վրա
ու պարզեցինք իրար՝ ագահության ումպն անելու,
գետեր կան դանդաղ հոսող ու կանգ առնող կես ճամփին,
երազ կա բոսորագույն,
ցամաքած ծերուկն է նստել ափին
ու ձեռքով անում ՝ հազի մեջ խեղդված։
Ու որքան,
որքան մեռած մարմիններ՝ իմ ու քո միջեւ,
ու իրենք բոլորն իմ հայացքն ունեն,
թունավոր բույսեր՝
իրենք իրենց վրա հարձակվող
ու թռչունների հոսքեր,
հոսքեր,
հոսքեր։
Կողքիդ պառկած էի, երբ
ականջիդ՝ համարյա շշուկով,
ասացի․
ուզում եմ քեզ թքել դուրս,
ուզում եմ հայտնվես դրսում,
ինձնից դուրս,
երազիցս դուրս,
երազիս դիպչող բաներից էլ դուրս,
հեռու մի տեղ,
դառնաս հող ու փուշ,
որ գան ու տրորեն քեզ կենդանիներն ազնիվ,
համտեսեն ու ոչինչ չստանան սնուցումիցդ։
Ու հետո՝
կանաչ հագուստներիդ տակ,
ճանկերդ տեսա,
կարծում էի, թե վաղուց կորցրել ես իրենց,
խնդրում էի քեզ,
որ նոր հեքիաթներ հյուսես
ճանկերիցդ այն, որ ես էի սարքել քեզ համար։
Համբերիր մի քիչ
ու դու կտեսնես,
թե որքան սարսափ կա հայացքիս մեջ,
լիքը անուններ, որ քոնը չեն
բորբոսնած կարոտ, վրան՝ սերմեր ու ձայնը՝ սոսկալի․
տես, թե ինչ ես արել ինձ հետ,
մարմինդ դարձել է կիսատ պատկեր,
չավարտված՝ մատիտը կորցնելու պատճառով միայն։
Ուզում եմ թքել քեզ հեռու մի տեղ,
որ չդիպչես երազիս
որ չդիպչես երազիս մոտ գտնվող բաներին։
Ու գոռում եմ՝
Դավի՜թ,
անունդ մոռացեմ եմ,
Դավիթ եմ հիշում քեզ ու գոռում՝
Դավիթ, ձայներ մի հանիր,
դու գիտես, որ Դավիթի ձայների հետևում դու ես թաքնված:
Հերիք է թափառես երազներիս ամենահիմար վայրերում,
որտեղ նույնիսկ ես չեմ գնում,
դուրս արի փողոց,
թե կարող ես՝ ձեռքով բարևիր ու իջիր ներքև,
գիտակցությանս դռնից անցիր
ու թե միամիտ հայտնվես մոռացման արահետում,
կմտնես ներս
կմտնես ներս:
Քեզ կուլ տալ չարժեր
コメント