top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Կտուցդ սրտիս մեջ

“Take thy beak from out my heart, and take thy form from off my door”


Ճյուղը, որ մտավ աչքդ ու իրեն նկատել տվեց

Դարձավ ներքև նայելուդ պատճառը,

Վայրէջքը խոստումնալից էր, վայրը` բարենպաստ

Ընտրածդ գիրկը` խոցելի ու կաշկանդված բնություն

Քեզ կերակրելու, շոյելու, տաքացնելուն ընդունակ

Երբեք չբողոքելով սպառվելուց:


Ռեզինի պես օրը ձգվեց ու կոճղի մեջ մտավ,

Մեջքդ դեմ արած աղվամազերիս ձևացրիր, թե մեռնում ես

Քեզ հավատացի ու տեղավորեցի իմ մեջ

Որ ներսից կերակրեմ` իմ հաշվին


Ո՞վ խելքիդ փչեց, որ ցած իջնես

Բացի ճյուղից, բացի ճյուղին պատկանող ծառից

Բացի աչքերիցդ, որ չհավանեցին ճյուղին

Ու իրեն պատկանող ծառին քարացած


Տերևների ողնաշարին փորձեցիր հենվել

Խեղդեցին իրենց փշերով ու գոռոզությամբ,

Քիթդ վեր պահած քո տեսակի կողքով անցար

Թևերի առատությունից շնչահեղձ եղար,

Ինձ վրա չկար ոչինչ ամրացված, որ պաշտպանեի ինձ

Քո` իմ ողնաշարին հենվելուց


Էլ ոչինչ չի դրդի ինձ, որ քեզ ասեմ` վեր կաց վրայիցս

Հոգնել եմ, քեզ չեմ կարող կերակրել

Կտուցիդ ուղղությունը փոխիր դեպի նախկին ճյուղը

Կամ դեպի մի ուրիշը` ինձ պես


Հիմա ձևացնելդ քեզնից մուռ է հանում,

Իրոք մեռնում ես` ինձ վրա ծանրացած ու

Չարացած, որ քեզ անուշադրության մատնեցի

Ու դեմքս ուրիշ կողմ թեքեցի`

Ծառի այն մյուս կողմը, որտեղ ճյուղը

Դեռ չէր հասցրել մտնել քեզ նման մեկ ուրիշի աչքը

0 comments

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page