top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Հնադարը և այլ ժամանակներ», Օլգա Տոկարչուկ



Լեհական մի հորինված գյուղում՝ Հնադարում, ժամանակն է գլխավոր հերոսը։ Եվ յուրաքանչյուր կերպար իրենից արքետիպ է ներկայացնում՝ իր մեջ ամփոփելով հավերժական հատկանիշներ։ Հնադարում ամեն մեկին բաժին է հասնում իր ժամանակը, որն անվերջանալի է, անհաշվելի ու շրջանաձև։


Գիրքը կազմված է կարճ գլուխներից և յուրաքանչյուր գլխի վերնագրում կա ժամանակ բառը. օրինակ՝ Գենովեֆայի ժամանակը, Հասկուկի ժամանակը, Կալվածատեր Պոպելսկու ժամանակը և այլն։


Մարկեսի «Հարյուր Տարվա Մենություն» գրքից սա տարբերվում էր նրանով, որ Մարկեսի վեպում պատմությունը շատ կուռ է, պատմության հերոսներն ու իրենց հետ կատարվողը հստակ ու երևացող հաստ թելերով կապված են միմյանց՝ կարծես միասնական կենդանի օրգանիզմ լինեն, իսկ Տոկարչուկի վեպում յուրաքանչյուրի ժամանակի մեջ մենության ժամանակն է առաջին հերթին, աշխարհի՝ նախկին վիճակին հետ վերադառնալու անկարողությունն ու դրա պատճառով առաջացած մելամաղձը։


⌛Գրքում կա հավերժական միաձուլումը. իրերի աշխարհը սահուն մտնում է մարդկանց աշխարհ, բնությունը ֆիզիկական մակարդակով փարվում է մարդկանց, իսկ կենդանիների աշխարհի իմաստությունը լցվում է մարդկանց աշխարհ, և էդ բոլորը զուգահեռաբար ժամանակի սահմանած աշխարհում են տեղի ունենում։


*** մեջբերումներ ***


Մարդիկ կարծում են, թե կենդանիներից, բույսերից, առավել ևս իրերից շատ ավելի բուռն են ապրում։ Կենդանիները զգում են, որ բույսերից ու իրերից են շատ ավելի բուռն ապրում։ Բույսերն էլ երազի մեջ տեսնում են, թե իրերից են շատ ավելի բուռն ապրում։ Իսկ իրերը գոյատևում են, և այդ գոյատևումը շատ ավելի է կյանք, քան որևէ այլ բան։


***

Եվ վերջիվերջո՝ ամեն ինչի ավարտին, երբ քույր Անելան ասաց՝ մահացավ, սկսեցին կծկվել այն տարածությունները, որոնք Իզիդորի ներսն էին, ոչ երկրային, ոչ էլ երկնային տարածություններ. դրանք մանր ծվենների էին բաժանվում, շաղ գալիս և ընդմիշտ չքանում։ Սա շատ ավելի ահարկու ավեր էր, քան բոլոր մյուսները, քան պատերազմը, հրդեհները, քան աստղերի բռնկումներն ու սև անցքերի ներքին պայթյունները։


***

Սեփական գոյությանն անգիտակ լինելու մեջ է փրկությունը ժամանակից և մահից։

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page