Ծառայապետ Սթիվենսը, Լորդ Դարլինգթընի պալատում երկար տարիներ ծառայությունից հետո, իր նոր տիրոջ՝ Ֆարադեյի խորհրդով, մեկնում է վեցօրյա ճամփորդության, որի ընթացքում հետահայաց հիշում է իր կյանքը Դարլինգթըն Հոլում, ծառայության տարիները, ինչպես նաև այդ տան կառավարչուհուն՝ օրիորդ Քենթըին, ում հետ հարաբերություններն ավելի քան արտասովոր են եղել։
Սթիվենսը, ընթերցողի առաջ բացելով իր կյանքը՝ աստիճանաբար սկսում է գիտակցել իր կորցրած հնարավորությունները, բայց ժամանակը հետ տալ հնարավոր չէ. նա պիտի բավարարվի իր ունեցածով՝ օրվա այն մնացորդով, որն իրեն բաժին է հասել։
Խնդիրը Սթիվենսի մահացու զսպվածությունն է, իրեն ավելին թույլ չտալու ճակատագրական որոշումը, ծառայապետի աշխատանքին վերաբերվելը որպես իր կյանքի գլխավոր առաքելության և ինքն իրեն շրջանակելը աշխատանքի հավերժական բանտում։
Սակայն ի՞նչ կարող էր անել նա, ունե՞ր ընտրության հնարավորություն, գիտե՞ր արդյոք Սթիվենսը, որ կարող է այլ կյանք ընտրել իր համար. կարծում եմ՝ էդ մասին իրեն ոչ ոք չէր հուշել։
Գրքի լեզուն լիարժեք Սթիվենսյան էր՝ զսպված, ոճավոր, ինքն իրեն սահմանափակող, բայց նաև գրավիչ ու ազդեցիկ։
Գիրքն ինձ անչափ հուզել է ու տխրեցրել, հատկապես չասվածն ու չարվածը։
***
… տպավորությունն այնպիսին էր, ասես իմ տրամադրության տակ անվերջանալի օրեր, ամիսներ, տարիներ ունեի՝ օրիորդ Քենթընի հետ իմ հարաբերությունների տարօրինակ դրսևորումները շտկելու, ասես անսահմանափակ թվով գալիք հնարավորություններ ունեի այդ թյուրըմբռնումների թողած ազդեցությունն ուղղելու համար։ Այդ ժամանակ ոչինչ չէր հուշում, որ նման փոքրիկ միջադեպերի պատճառով ամբողջ երազանքներ կարող են ընդմիշտ անկատար մնալ։
Comments