top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ:

Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց:

-Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց:

Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը: Ներս մտանք: Կանգնեցի ու մի պահ քարացա:

-Հն, ի՞նչ ես կանգնել, առաջ անցիր: Լսեցի իրեն: Մի քանի րոպե շրջեցի տան կողքերով: - Տուն չե՞ս մտնելու,- հարցրեց:

Ախր չգիտեր, որ հենց դրան եմ նախապատրաստվում: Դան դուռը ոնց որ միշտ՝ բաց էր: Ներս մտանք: Ոտքս դնելուց հատակը ճռռաց: Նորից հին ճռռոց էր: Նորից մտապահեցի այն: Անցա խոհանոցով: Ոչինչ չէր փոխվել: Սեղանին, ոնց որ միշտ, մրջյուններ էին վազվզում: Մի քանի րոպե իրենց էի նայում:

- Նորի՞ց կպար էդ մրջյուններին: - Կարոտել էի իրենց: - Ուզու՞մ ես՝ հետդ վերցրու: - Չէ, էս է իրենց տեղը:

Սեղանը հին էր: Աթոռներն էլ: Նստեցի աթոռին: Վեր կացա: Նորից նստեցի: Ձեռքերովս շոշափեցի սեղանը: Հետո բացեցի պահարանը: Ամեն ինչ նույն տեղում էր: Շաքարավազն էլ: Ու մեջը երկու-երեք մրջյուն կար: Ձեռք չտվեցի իրենց: Փակեցի պահարանի դուռը: Մի քանի անգամ քայլեցի նույն տեղով, որ նորից լսեմ ճռռոցը: Ինձ խելագարի պես էի պահում: Համենայն դեպս կողքից էդպես էր երևում: Ախր ոնց կհասկանար ինձ, եթե ասեի, որ պատրաստ եմ անգամ համբուրել կեղտոտ ու փոշոտ հատակը: «Երեխայություն ես անում»,- երևի կասեր: Իսկ ես երբեք չէի կարողանա բացատրել, որ այդ տան հատակի փոշին ինձ անհրաժեշտ էր, որ ես դրա կարիքն ունեի:

- Էդպես մի նայիր, մեկ է՝ քանդելու ենք:

Հա, բան չասացի:

Խոհանոցի ներսում սենյակ կար: Մտանք այդ սենյակ: Մութ էր: Բայց ամեն ինչ երևում էր: Սենյակում երկար քայլեցի: Մոտեցա փոքրիկ պահարանին: Բացեցի: Մի երկու բան կար դրված: Պահարանից մի գիրք վերցրի (Բուրատինոյի արկածներն էր): - Հիշու՞մ ես: - Հարյուր անգամ կարդացել ես: - Գիտեմ: Հիմա էլ կկարդայի: - Դե եթե ուզում ես՝ վերցրու: - Հենց հանեմ էստեղից, կդառնա սովորական գիրք: Ու ինձ էլ պետք չի գա: - Ինչի հետևից ես ընկել... Գիրքը սեղմեցի ձեռքերիս մեջ: Մոտեցրի ինձ: Փոշի˜... հի˜ն փոշի: Ագահորեն շնչեցի այն: - Գրքի փոշին վտանգավոր է: - Գիտեմ, ու թքած ունեմ:

Գիրքը նույն տեղը դրեցի: Նորից սկսեցի շրջել սենյակով մեկ: Անկյունում բազկաթոռն էր: Նստեցի: Երեք րոպե մնացի էդտեղ նստած: Ձեռքերովս շոշափեցի բազկաթոռը: Վեր կացա: Երկու թախտերն էլ իրենց տեղում էին: Պատերը խոնավությունից քիչ էր մնում փլվեին: Մատներով շոշափեցի պատերը: Զգացի, որ փշրվում էին:

- Եթե էդպես շարունակես, ինքդ կքանդես տունը: Ոչինչ չասացի: Լուռ դուրս եկանք սենյակից: Հիմա էլ... - Երկրորդ հա՞րկ էլ ես գնալու: Էնպես նայեցի իրեն, որ փոշմանեց իր հարցից: Երկրորդ հարկ բարձրանալուց աստիճանները շարժվում էին:

- Զգու´յշ:

Հասանք երկրորդ հարկ: Պատշգամբ: Սպիտակ սեղան: Դուռ: Ոչինչ չէր փոխվել: Ներս մտանք: Միջանցքը փոքր էր: Ավելի լուսավոր էր ու տաք: Մի քանի րոպե միջանցքում մնացի: Հերթով ձեռք տվեցի ամեն ինչին՝ պահարանին, գրքերին, դռանը: Մի երկու անգամ բացեցի ու փակեցի պահարանի դուռը: Նորից այդ ձայնը: Դիմանալն անհնար էր: Ճռռոցը սիրտս ծակում էր: Մտնում էր ներս: Անցնում էր ամբողջ մարմնովս, ներծծվում էր արյանս մեջ. ճռռոցը...

Սենյակ մտնելու ժամանակն էր: Ներս մտանք: Միանգամից դաշնամուրը տեսա՝ հին, սև: Բացեցի: Փորձեցի նվագել: Լարած չէր, չստացվեց: Դաշնամուրի վրա մի երկու արձանիկ կար ու մի ժամացույց: Սլաքն անընդհատ աջ ու ձախ էր գնում ու... ձայնը... հարազա˜տ, հեռու˜, սիրելի˜ ձայնը... Մոտեցա անկողնուն: Վրան ծածկոց կար՝ վանդակավոր, հին: Շնչեցի ծածկոցը: Մարմնովս ինչ-որ բան անցավ: Փշաքաղվեցի: Նույն հոտն էր, ոչինչ չէր փոխվել: Սեղանն էլ էր նույնը, աթոռներն էլ, պատերի նկարներն էլ: Հետո մոտեցա գրապահարանին: Նայեցի: Ժպտացի:

- Սրա համար էինք եկել, վերցրու՝ ինչ պետք է: Դա պարզապես առիթ էր էստեղ գալու: Ուրիշ կերպ չէի կարող: - Գի՞րք է պետք, վերցրու: Հերթով կարդացի գրքերի վերնագրերը: Ձեռքս դրեցի Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» գրքի վրա: - Միայն սա՞: - Չէ, բոլորը: - Հմ: - Գիտեմ, քո սիրելի գիրքն է: Ես էլ եմ այն շատ սիրում: - Կարդացե՞լ ես: - Չէ: - Հիմարություն: - Ոչինչ էլ չեմ վերցնում: Սրանք գրադարանում էլ կան: Ապշած ինձ նայեց: Հասկացա՞վ, չգիտեմ: - Քանդելուց գրքերը տեղափոխելու ենք: - Դրանք կդադարեն գիրք կոչվել, եթե էստեղից տեղափոխվեն:

Պատուհանը բաց էր: Ծառերի տերևները պատուհանից ներս էին մտել: Մի տերև պոկեցի: Ձեռքերիս մեջ փշրվեց: Լուռ իջանք երկրորդ հարկից: Դիմացը նստարան կար: Մոտեցա: Նստեցի, պառկեցի, հետո նորից նստեցի: Պատի վերևում մի հին քարտեզ կար կախված: Իրենից թաքուն համբուրեցի այն: Փոշին կոկորդովս անցավ: Հաճելի էր: Գուցե դրանից հետո հիվանդանոց ընկնեի...Ի՞նչ կարևոր էր դա:

- Քանդելուց թող քարտեզին ձեռք չտան: - Չի´ լինի: Գիտեի: Տան այգում խոտեր էին աճել: Խոտերը նույնպես անցան մատներիս տակով: Կոճղ կար: Նստեցի վրան: - Երեխա ես, էլի: Լուռ վեր կացա: Մոտեցա ջրի ծորակին: Բացեցի: Մի քանի վայրկյան լսեցի ջրի ձայնը: Հասկանում էի: Գնալու ժամանակն էր: Չէի ուզում տեղիցս շարժվել: - Հն, գնա՞նք: - Մի քիչ էլ սպասիր: - Անտանելի ես:

Գիտեի, որ անտանելի եմ: Ձայն չհանեցի: Ծորակի կողքին տաշտ կար՝ ջրով լցված: Մոտեցա: Ձեռքերս մտցրեցի ջուրը: Մի քանի րոպե տեղիցս չէի շարժվում:

- Մտիր տաշտը: Մտիր ու խեղդվիր: Սիրով կմտնեի: Հաճելի պահ էր: Ջուրը սառն էր: Էնպես էի հասկանում իրեն: Զարմանում էի՝ ոնց է լուռ դիմանում ինձ: Արդեն հոգնել էի: Ձեռքերս դողում էին: - Գնացինք: - Բա կտու՞րը:

Ինձ արգելում էին կտուր բարձրանալ: Վտանգավոր էր: Բարձրացա: Կտուրում կատուներ կային: Նայեցինք իրար, ժպտացինք, հասկացանք իրար: Իջա կտուրից: Արդեն դարպասի մոտ էինք:

- Իսկ եթե չքանդե՞ք:

Իզուր ասացի: Լուռ բացեցի դարպասը: Վերջին անգամ...նույն ճռռոցը: Դարպասից դուրս եկանք: Երկու քար կար դրված: Խաղողի որթը...հի˜ն, ծանո˜թ: Հեռանալուց նայեցի տանը: Քարերը կարմիր էին: Երկար չնայեցի, որ շատ չտանջվեմ: Տունն էլ չէր կարողանում ինձ նայել: Մեղավոր էր զգում իրեն: Երկար ժամանակ լուռ քայլեցինք: Դեռ ուշքի չէի եկել: Դեռ էնտեղ էի: «Քանդում են, թող քանդեն, հո իմ ներսում չեն կարող քանդել... մի տեսակ չեն համարձակվի, մուտք էլ չունեն, ու˜ր մնաց քանդեն»: Հա, հիմարություն էր էդտեղ նորից վերադառնալը, հիմարություն կլիներ այդ տունը չքանդելը: Շատ լավ էի հասկանում:

Վերջին անգամ զգացի ճռռոցը, դռան ձայնը, ջրի ձայնը, կատուներին, ծածկոցի հոտը, փոշին, քարտեզը, կոճղը... Նայեցի իրեն:

- Մեկ է, քեզ չեմ հասկանում,- ասաց:

Գիտեի, որ խաբում էր: Ախր պարզ տեսնում էի աչքերից եկող երկու կաթիլ արցունքը:

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page