Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:
Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն է նախընտրում: Սրա վրայից դիահոտ չի գալիս, բայց ոչ էլ դաշտածաղիկների: Սա լրիվ ինքնությունը կորցրած մեռել է: Անվան ոչ մի վանկը չի համապատասխանում իրեն: Կապույտ հորիզոնն էլ գերեզմանատան հասցեի մեջ է կարդացել: Ծաղկամեռելը իր երկու հաստ մեռելաթաթերը սեղմում է որովայնիս՝ ավելի շատ սիրով, քան տհաճությամբ, դունչը հենում է կոշտ մազակալիս ու խռխռացնելով խոսում.
- Դրանք իրենց տեղը չեն գտնում...կապույտ հորիզոնը.... դրանք հոգնեցնում են մեզ, նորեկներ են դե, վարժված չեն գերեզմանակյանքին, ամեն ինչ պիտի հատ առ հատ իրենց փտած գանգոսկրերը մտցնել... կապույտ հորիզոնը...
- Կապույտ հորիզոնն ինչ
- Լվացվել սովորեցրու, ատամներն անձայն կրճտացնել սովորեցրու, իսկ իրենք... էդ կապույտ հորիզոնը
***
Շտապում եմ դասի: Երթուղայինում մարդկային կերպարանքները վերածվել են երկրաչափական պատկերների՝ օդով ու բամբակով լցված: Ես ներս եմ խցկում ինձ, հետո՝ ուսընկերներիս: Վարորդը չի կարողանում առաջ շարժվել, զգում եմ, որ դրա մեջ իմ մեղավորության չափաբաժինը քիչ չէ: Մի քանի փորձից հետո մեկ էլ տեսնում եմ վարորդն անհույս, անկշիռ հայացքով վրաս է նայում.
- Իջիր, հենց հիմա, դևերիդ էլ հետդ իջեցրու: Ես մարդկանց եմ տեղ հասցնում, ոչ թե ծանր գերեզմանաքարերի
Բոլորին թարս նայելով իջնում եմ: Հետո մտածում էն մասին, որ մարդուց դուրս եկած ցանկացած հեղուկ զզվելի է, հետն էլ տհաճ հոտով: Իսկ մեռելներս անհեղուկ են: Դե արի ու վարորդին հասկացրու, որ ուսիդ թառածները դևեր չեն: Դևերը գրադարաններում են շրջում՝ գրքերի միջև եղած բաց տարածությունն է իրենց բնակավայրը: Եվ հետո դրանք ուսիս նստել չէին կարողանա՝ անհարմար է, կասեին: Միայն մեռելներս է, որ չեն դժգոհում խորդուբորդ ուսերիցս: Հիմա էլ սկսեց Կծանը մռթմռթալ ականջիս տակ, երևի չիփս է ուտում: Դե թող մյուս անգամ անցորդները զարմացած չնայեն ականջներիս փշուրներին, կասեմ Կծանն է կերել: Ես ականջիս տակ չիփս չեմ ուտում:
- Կամաց ծամիր, Կծան
- Խըրթ, խըրթ, խըրթ
- Չե՞ս լսում, սա քեզ համար գերեզմաններդ չէ
- Խըրթ ու էլի խըրթ
Կծանը, նույնիսկ չիփսը վերջացնելուց հետո, ականջիս տակ խըրթացնում է՝ մենակ թե չենթարկվի ասածներիս: Ինձ հանդիպած ամենաաղմկոտ մեռելն է:
***
Մի անգամ տասներկու հոգով եկել, նստել էին վրաս, ով՝ որտեղ պատահի, անգամ շնչուղիներս էին փակել: Հազիվ կարողացա ազատվել գոնե մի երեքից: Իրենց հարցնում եմ.
- Որ ձեզ միանամ, ինձնից է՞լ կսկսեք բողոքել անծանոթների ուսերին թառած
Չեն պատասխանում: Ծուլացել են վերջերս: Պիտի անպայման ողջ փողոցով մեկ ձայնս գլուխս գցեմ, որ իրենցից ինչ-որ մեկը բարեհաճի արձագանքել: Մեռելային արձագանքն էլ, գիտեք, անհույս բան է:
***
Օրեր առաջ էլ անզորությունից վազելով մտա եկեղեցի, իբրև թե իրենց քշելու համար, մտա թե չէ, սկսեցին ձեռ առնել՝ երթուղայինի վարորդից ինչո՞վ ես տարբերվում, որ մեզ դևերի տեղ ես դրել:
Ու դա էլ քիչ չէ, խորանից նոր ու անծանոթ մեռելաշարք դուրս եկավ ու սուրաց իմ կողմը՝ մարմնիս ազատ հատվածների վրա: Հին մեռելներս հոսքին չդիմացան ու դուրս ցրվեցին եկեղեցուց: Նորեկներն այնքան շուտ հարմարվեցին նոր պայմաններին, որ մինչև այսօր լողանալիս իրենց մնացորդներն եմ պոկում մարմնիցս:
Երեկ էլ պատրաստվում էի քնելու, զգամ` մեկը մատներս է ծալում, իրարից հեռացնում, արմունկս սեղմում պատին: Վառեցի լույսը, մեկ էլ Ծաղկամեռելը ուղիղ գիրկս թռավ: Մի քիչ ցավեց, մի քիչ արյուն եկավ, բայց ուրախությունից չնկատեցի էլ: Էնքան պինդ էր գրկել, որ փորիցս ձայն դուրս չեկավ: Էդ պահին մտածեցի՝ երևի մեռելներն էլ կարող են կարոտել: Հետո նայեցի մեռած աչքերին, տեսնեմ՝ թարթում է, տեսնեմ՝ կապույտ հորիզոնն է թաքնված էնտեղ:
Commenti