top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Դեյվը

Դեյվ անունով մի շատ տարօրինակ աղջկա անկողնու տակ շատ վաղուց երեք հրեշ կա՝ Բոբը, Հերելը և Բասթիլը։ Բոբը վախենալու ձայներ է հանում, Հերելը վախենալու արտաքին ունի, իսկ Բասթիլը գտնում է, որ կյանքը, հատկապես անկողնու տակ, ոչ մի իմաստ չունի և դրանով էլ վախեցնում Դեյվին։

Դե, իրականում այնպես չի, որ Դեյվը հրեշներից պակաս վախենալու է, հետո ինչ, որ փոքրիկ աղջիկ է։ Դեյվը վախեցնում է իր հետ շփվող մարդկանց, որովհետև իրեն շատ հաճախ պահում է Բոբի պես ու անդրշիրիմյան ձայներ հանում կամ պահում է Հերելի նման ու այնպիսի հայացքներ է ընդունում, որ իր հետ նույն վայրում գտնվող մարդիկ սրտաճաք են լինում։ Բայց ամենից հաճախ Դեյվն իրեն Բասթիլի պես է պահում։ Օրինակ երբեմն այս ձևով է սկսում իր զրույցը մոր հետ.

- մարդուս կյանքն իմաստ չունի, եթե տեսիլները չեն այցելում նրան։ Առանց տեսիլների մարդը նույնն է, թե առանց ողնաշարի։

Կամ՝

- Ունայնությունն է, որ ներս է լցվում իմ կյանք, անհոգության փոխարեն դառը օրեր են սպասվում բոլորիս, որովհետև մեծ իմաստունը այդպես էլ չգտավ կյանքի իմաստը ու մեռավ լեռան վրա։

Մարդիկ կարծում են, որ Դեյվը դիվահարված է կամ լավագույն դեպքում մանուկ խելագար։ Շատերը կարծում են, որ հինգամյա փոքրիկի մեջ ծեր հրեշի հոգի կա։ Դրանից Բասթիլը վիրավորվում է։ Չնայած, որ նա Դեյվի մեջ չէ իրականում, ընդամենը նրա անկողնու տակ է, բայց ոչ մի դեպքում ինքը ծեր չէ։

Ու հետո քչերը գիտեն, բայց ծեր հրեշները բարի ու անվնաս են։

Հերելն ու Բոբը սիրում են իրար, Բասթիլին միայն Դեյվն է սիրում, իսկ Դեյվին ոչ ոք չի սիրում։ Համենայն դեպս նա է այդպես կարծում

- Ես միայնակ եմ ու թշվառ։ Ես սիրված չեմ, որովհետև կյանքն անիմաստ համարողներին մարդիկ չեն սիրում։ Նույնիսկ հրեշներս չեն սիրում ինձ

Ահա այսպես է մտորում Դեյվն ու հաճույք ստանում իր չսիրված լինելու փաստից, որովհետև նա վստահ է, որ

- Կյանքում ուրախությունները անչափ քիչ են, դրանցից մեկը մարդկային փաղաքշանքների բեռից ազատված լինելն է։

Հերելն ու Բոբը պնդում են, որ Դեյվին փչացրել է Բասթիլը։

Բասթիլը համաձայն չէ ու պնդում է, որ այդ Դեյվն է իրեն այդքան մռայլ ու սևատես դարձրել։

Իսկ Դեյվը ոչինչ էլ չի պնդում, որովհետև նրա կարծիքով՝

- Ես գոյություն չունեմ։ Ես ոչինչ չեմ պնդում, հետևաբար՝ ես գոյություն չունեմ։ Ահա նստած եմ անկողնուս վրա ու հասկանում, որ ժամանակն է տեղափոխվել անկողնուս տակ։ Որովհետև ես վախենում էի հրեշներից, բայց ես ինքս հրեշ դարձա։ Ես մտածում էի հրեշներիս դուրս հանել իմ ապրելու վայրից, իսկ հիմա պիտի իջնեմ իրենց մոտ ու ապրելու վայր խնդրեմ։

Դեյվը չգիտի՝ հրեշ դառնալուց հետո հաջորդ քայլը որը պետք է լինի։ Բայց նա վստահ է, որ Բասթիլը կիմանա այդ մասին։ Բասթիլն անպայմանորեն կիմանա։

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

留言


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page