top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Մեռած գունավորիկը



Գունավոր, բազմագույն, գունագեղ...մարդիկ են: Սովորական անհասցե ամբոխ է, սովորական շոգ օր է՝ անտանելի արևով: Ու շնչել չի լինում: Գունագեղությունից գլուխս պտտվում է. ես սովոր չեմ դրան, արևից էլ ամբողջ տեսողական ու նյարդային համակարգս է խառնվում՝ ատում եմ արևն էլ, ամբոխն էլ, իր մարդկանց էլ:

Դիմացս կանգնած է երկարաոտ գունագեղ արևոտ ամբոխային մի ինչ-որ ներկայություն, կերպարանք... Ուսումնասիրում եմ կերպարանքի ոտքերը: Մարմնագույն ռետուզանման կտորի տակից պարզ երևում են աղվամազերը, իսկ ավելի վերև դուրս ցցված երակները: Ու ես ամբոխում, շոգենման կեսօրին, կանգնած ուսումնասիրում եմ անկերպար դիմացինիս կերպարային ոտքերի գունագեղ երակները: Այդ պահին երակներն ինձ ավելի հետաքրքիր են, քան իր գունագեղ տերը: Երակներն ունեն ինչ-որ մի բան, որը չունի իր տերը, որը պակասում է ամբոխում, ու որից ես ունեմ: Երակներն ամբոխից չեն: Հասկանում եմ, որ պետք է լինել առնվազն երակային ինչ-որ մի բան, թեկուզև գունագեղ, քան թե արևային ու անհասցե ամբոխ՝ անկերպար ներկայություններով լի:

Հետո սկսում եմ նոր երակներ ու ռետուզանման այլ ոտքեր փնտրել: Ու ես չեմ գտնում: Փոխարենը գտնում եմ միապաղաղ գունագեղություն, մեռելային տաքություն փոխանցող արև, նույնչափ մեռելային ամբոխ, որն անգամ հասցե չունի, ուր մնաց՝ երակներ: Հետո աչքիցս կորցնում եմ ռետուզով ոտքերը: Սկսում եմ երակներն իմ ներսում փնտրել: Ու գտնում եմ: Բացահայտում եմ, որ ներսումս երակային ցանց կա: Փորձում եմ ցանցից ներս խցկվել, բայց ոչինչ չի ստացվում: Ու նորից դուրս եմ գալիս աներակ միջավայր, զզվելի գունագեղ ու տաք ամբոխ, նույնչափ էլ զզվելի տերերով լի: Կողքից լսում եմ մի քանիսի փռշտոցները, ովքեր փռշտում են գուցե արևից, կամ հնարավոր է հաճույքից դրդված: Չգիտեմ: Փռշտոցի կաթիլներն այս ու այն կողմ են ցրվում: Օդի մեջ պարզ տեսնում եմ դրանք: Ցանկություն եմ ունենում ինքս էլ փռշտալու ու միանալու կողքիններիս զվարճանքին: Ինձ ոչ ոք չի նկատում: Ոչ ոք չի տեսնում ներսիս երակային ցանցը, որն անընդհատ պայթել է ուզում: Ոչ ոք չի տեսնում, որովհետև արև է ու անհասցեությամբ տառապող ռետուզային գունավորիկ ամբոխ: Ոչ ոք չի զգում այն սարսափելի հոտը, որը տարածվել է ամբոխով մեկ, ու որը ես զգում եմ: Ես չեմ հասկանում, թե որտեղից է այդ հոտը, ու ինչու չեմ կարողանում շնչել: Հետո արևին եմ նայում...ախր մոռացել էի...ախր արևը մեռած է, ու հոտն էլ այդտեղից է փչում՝ մեռած արևի հոտը, մեռելային գունավորիկը՝ արևը:

Ամբոխ, անհասցե արև, մեռած երակներ, ավելի ճիշտ երակներ, որոնք գոյություն չունեն, որոնք երբեք էլ չեն եղել, որոնց ես տեսել եմ միայն այն ռետուզավոր երկարաոտի մոտ, ու մեկ էլ իմ ներսում... հաճույքից դրդված փռշտացողներ ու մեռած արև

Սա է ձեր գունավոր ու անհասցե ամբոխը

Սա է ձեր մեռած գունավորիկը:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page