top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Աղետներ

Պատմեք ինձ ձեր աղետների մասին, մարդիկ: Ես ոչինչ այլևս չեմ պահանջի ձեզնից: Ես կթաքնվեմ ծառի հետևում, արմատների մեջ, այնպես, որ չերևամ, ես կծածկեմ դեմքս դեղնավուն կտորով: Ինձ հետ կիսեք ձեր աղետները: Դրանք ինձնից ու սենյակիս պատերից բացի ոչ ոք չի տեսնի: Ես դրանք մեխերով ու ասեղներով լցված զարդատուփում կպահեմ, որ ոչ ոք կարիք չունենա բացելու ու տեսնելու, թե ներսում ինչ կա: Դուք ինձ ասեք ձեր աղետների տեղը: Ես կգնամ ու կգտնեմ իրենց, առանց աղերսանքները հաշվի առնելու մազերից քարշ կտամ իմ տարածք ու կկողպեմ: Ես նրանց սովամահ կանեմ: Ես կխեղդեմ նրանց բարձով: Ես ձեր աղետների հարցերը կլուծեմ, միայն թե ասեք ինձ նրանց տեղը, մարդիկ:

Դեն նետեք անհանգստությունը, հոգնությունն ու ցրտահարված լինելու զգացումը: Դատարկ ձեռքերով, բաց ուսերով նստեք իմ սենյակում: Ես ձեր աչքին չեմ երևա: Պատի անկյունից լուռ կլսեմ ձեր պատմությունը: Հետո կիջնեմ ներքև, եթե կարիք լինի: Կամ ընդհանրապես կչքվեմ սենյակից: Ինձ ձեր աղետներն են հարկավոր, ձեր պատմություններն այդ աղետների մասին: Ես խոցելի ու թույլ պատմություններից կախում ունեմ, ինձ հարկավոր են ձեր ցավերը: Պատմեք ինձ ձեր աղետների մասին, մարդիկ:

Իսկ հետո ես կպատմեմ իմը: Կասեմ, թե երբ է եղել իմ վերջին ջրհեղեղը, ինչի պատճառով, քանի զոհ եմ ունեցել: Մանրամասներով: Ջրի ամեն մի կաթիլի պատմության պես երկար:

Բայց մինչ այդ դուք ինձ տվեք ձեր երկրաշարժերի ու հրաբուխների ցուցակը, նկարագրեք ձեր նախավերջին ցունամին, վերջին երաշտը, ամենաառաջին ձնաբուքը: Խոսեք ինձ հետ ձեր աղետներից, մարդիկ:

Միգուցե դրանից հետո այլևս վնասված չզգաք ու մոռանաք զոհերի աննկարագրելի քանակի մասին:

Ուղղակի մի քանի րոպեով: Հենեք ծնկներիս ձեր գլուխը, ձեռքերիս մեջ դրեք ձեր քերծվածքները, բաց երակները, արյունոտ հիշողությունները:


Ինձ տվեք ձեր աղետները, մարդիկ: Անվերադարձ տվեք:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Opmerkingen


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page