top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

բնակելի

Բերանքսիվայր ընկած եմ հատակիդ: Փայտը տեղ-տեղ ամուր է, տեղ-տեղ՝ ոչ: Ոտքերդ դիպչում են գլխիս ու ոտնաթաթերդ փաթաթվում մազերիս: Մատներս չեն կարողանում ազատել մազերս, որովհետև հատակի հակառակ կողմում են: Գլուխս հատակի ներս ընկած հատվածում է: Քթիցս արյունը հոսում է դեպի քո սենյակի դուռը ու դռան արանքով անցնում անհայտ տարածություն: Արյունս զարմանալիորեն մուգ կարմիր է ու անհոտ: Իրարից շատ մեծ հեռավորության վրա ենք գտնվում. այնուամենայնիվ երկուսս էլ նույն սենյակում ենք, բայց տարբեր տարածաչափություններում: Ես հենվում եմ անտեսանելի ծնկներիդ ու քեզնից խնդրում, որ ավելորդ մարդկանց մասին պատմես: Սկսում ես ինձնից ու քեզնից խոսել. ես նեղվում եմ անսպասելի ճշմարտությունից ու մկրատը քո կողմ շպրտում:

- Ո՞վ է քեզ թույլ տվել իրեր շպրտել վրաս,- հարցնում ես: Բայց ձայնդ ինձ հասնում է ժամեր անց միայն ու այնքան հեռվից, որ բառերը չեմ կարողանում տարբերակել: Սենյակիդ բոլոր մետաղյա իրերը ժանգոտված են: Ես դա նկատում եմ միայն այն ժամանակ, երբ հատակից գլուխս բարձրացնում եմ: Վզիցդ քրտինք է հոսում ու կրծքավանդակիդ կախազարդը թրջում: Տեսարանը տհաճություն է առաջացնում, այդ պատճառով գլուխս թեքում եմ, որ հիանամ գետնին թփրտացող ձկներով: Ենթադրում եմ, որ իրենք սենյակի ձևավորման մի մասն են կազմում ու առաջին օգնություն այդպես էլ չեմ հասցնում իրենց: Դեռ օրեր հետո այդ ձկները թփրտալու են՝ համոզված խորհում եմ ու փորձում մազերս ոտնաթաթերիցդ ազատել: Ուզում եմ սենյակիդ խորքերը գնալ՝ խնդրում եմ քեզնից, բայց դրական պատասխան չեմ ստանում: Մտածում եմ, թե իբր ինձ բավականաչափ չես վստահում, բայց իրականում դու ինքդ երբեք չես եղել սենյակիդ խորքերում: Ու դժվար թե երբևէ լինես ու լինելուց էլ ինձ քեզ հետ տանես: Պատուհանից փետուրների հոսք է սկսվում դեպի մեզ: Երևի ողջ կյանքումդ վնաս հասցրած թռչունների նզովքն է, որ կուտակվելով, գտել է սենյակիդ ճամփան ու ի վերջո տեղ հասել: Ողջ գետնով մեկ սրբիչներ են շաղ տված: Դրանցից ոմանք թաց են ու կեղտոտ, մյուսները այնքան չոր են, որ դիպչելուց անգամ ասեղի պես ծակում են:

- Ո՞վ է քեզ թույլ տվել սենյակ մտնել,- գոռում ես ու ձայնդ չեմ կարողանում լսել: Միայն քամու ալիք եմ զգում դեմքիս, այն էլ ոչ քո ուղղությամբ եկող: Արդեն երեք օր է բերանքսիվայր ընկած եմ հատակիդ ու փորիցս ձայն դուրս չի գալիս: Քթիս արյունը շարունակում է հոսել հատակով մեկ ու առվակի սովորություն ձեռք բերելով, անընդհատ ճյուղավորվում՝ ողջ տարածությամբ: Քո ոտնաթաթերը մնացել են մազերիս մեջ ու դուրս գալ չեն կարողանում: Մազերս վերածվել են ամուր կապերի. քեզ՝ ինձնով անելու վերջին հույսի պես անզոր: Ձկներիդ թփրտոցն էլ ավելի է ուժեղանում, հավանաբար տանջվում են, որովհետև չեն կարողանում մեռնել: Սրբիչներդ թաց են, մի քանի օր առաջ դրանցով հատակիդ ջուրն էիր մաքրում: Դեռ չեն հասցրել չորանալ: Բայց դու հասցրել ես այնքան հեռանալ ինձնից, որ խոսքերդ արդեն հանգած աստղալույսի արդյունավետությամբ են տեղ հասնում:

Նույն սենյակում ենք՝ երեք օր է, բայց այնքան հեռու ենք, որ քեզ հասնելու համար երկրի ուղղությանը հակառակ պտտվելն էլ չի օգնի: Միայն սենյակիդ խորքերն են, որ անհասկանալիորեն թաքնվում են մեզնից: Հավանաբար, եթե հանդիպենք՝ հենց խորքերում, որտեղ երբեք ոտք չես դրել, իսկ ինձ էլ թույլ չես տալիս:

- Ո՞ր իրավունքով ես համարձակվում դիպչել տարածքիս,-միալար կրկնում ես ու աչքերդ փակվում են: Մեխանիկորեն առաջ ես թեքվում, որ ոտքերդ ի վերջո ազատես մազերիցս, բայց այնտեղ ոչինչ չես գտնում:

- Հատակի մյուս կողմում փնտրիր,- ահա վերջապես խոսում եմ ու սպասում մի ամբողջ հավերժություն, որ մարդկային լեզվով արտասանածս միակ նախադասությունը հասնի քեզ ու սենյակդ ազատի իմ՝ տարիներով այնտեղ բնակվող հին սովորությունից:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page