Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը`ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ:
Պատի վրա փորված միակ անցքից դուրս են թափվում սարդերը`տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել, դա դժվարացնում է աչքն ամբողջությամբ բացելը:
Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում:
Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգարել ծառի աճն ու գլխից պոկել մազերի մեջ խրված արմատները: Այդ ժամանակ սարդոստայնը, երևի, էլ չվերածվի գնդի, իսկ պատի անցքից դուրս վազվզողները սուսուփուս հետ ներս մտնեն:
Ձեռքերը սրբելով սեփական մաշկի վրա`ձգվեց դեպի կողքին դրված ծանոթ առարկան, մի քանի անգամ շոշափեց ու մոտեցրեց ականջին: Գլխում ինչ-որ մեկը սկսեց խոսել.
-Հա՞
-Էլ ոչ մի հա: Արի՛
-Ի՞նչ ես ուզում, որ անեմ
-Արի: Ու հետդ մկրատ բեր
-Հետո, հետո: Թող ինչքան պետք է՝ բարձրանա, նոր
-Ասում եմ սեղմում է, մտցնում է անկողնու մեջ, ճյուղերն արդեն աչքերս փակել են, խցկվում եմ ներս, սեղմում է: Մկրատ բեր։
Գլխի ձայնն ընդհատվում է: Ձեռքերով փորձում է աչքերն ազատել, ատամները սեղմվում են իրար, անկողինը սկսում է պտտվել ու ցնցվել, բայց սարդոստայնի ցանցը չի շարժվում տեղից: Փոխարենը պակասում են թելիկները, աստիճանաբար մաքրվում են պատից, անցքը փակվում է: Սարդերից մեկը չի հասցնում փախնել ժամանակին ու մի ոտքով մնում է անցքի մեջ:
Ջրոտված աչքերից հեղուկը շարունակում է հոսել, դրան գումարած՝ վզից կաթացող քրտինքը: Գլխի մեջ հնչող ձայնը վերջին անգամ հեգնում է.
- Քո ձեռքով աճեցրած ծառը գլխիդ վրա է: Գլխի՜դ վրա: Շուտով արդեն՝ մեջ: - Էլ ու՞մ պիտի խնդրես, որ գա ու կտրի: Վե՛ր կաց, ինքդ էլ կտրիր
- Վրաս բեռ է դրված: Անկողինը ճնշում է
- Վե՛ր կաց ու պոկիր
- Ներս է մտցնում: Քարանում եմ
- Վե՛ր կաց ու կտրիր: Պոկի՛ր գլխիցդ
- Ասում եմ՝ սեղմում է: Մկրատ բեր
- Ինքդ վերցրու: Կողքդ դրած է
…
コメント