top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Զուգահեռ (սպանդ)

Վատ բան եղավ,- ասում է: Նայում է ներքև՝ իբրև հայելի է հատակը, իբրև հասարակ խոռոչ չէ էլի՝ ջրով լցված, մի քիչ քամուց, մի քիչ էլ ոտքերի դողից շարժվող: Կանգնել է ջրափոսի կողքին ու ձեռքերին չի համարձակվում նայել: Կիսատ եղունգներով, նյարդային հարվածներն առաջինն իրենց վրա վերցնող նույն ձեռքերն էին, որ մի ժամանակ դրանց վրա անվերջ կարող էր նայել: Մի հատվածից մյուսը, ոնց որ կարդալիս լիներ, յուրաքանչյուր մատին էլ՝ առանձին րոպե էր տրամադրում: Եղունգներին խուսափում էր նայել, մի քիչ ամաչելուց, մի քիչ էլ՝ հետաքրքրասիրության պակասից: Ու հիմա կանգնած ներքև է նայում ու մտքի մեջ հատ առ հատ կրկնում թե՝ վատ բան եղավ, սա չպիտի լիներ: Ձեռքերի մեջ մարմի՞ն էր պահել, ինչ է: Հեռվից եթե նայեիր, կթվար՝ պարկ է վերև պահել, ասես աստվածներին աղքատիկ նվեր է մատուցում ու ամոթից գլուխը կախել է, որ նայի հատակի փոսին, մեջը՝ ջուր: Մի պահ հիշեց, որ փոքր տարիքում ջրափոսը իր ամենամեծ խոչընդոտն էր՝ ուղարկված երկնքից: Համենայն դեպս այդպես էր կարծում: Ու լիքը բառեր հիշեց, որ միանգամից, կտրուկ շարժումով իջան ու ծանրացրին մարմինը.

- Մրջյունների լողավազան է, էս մեկը՝ լիճ: Բա տեսեք մյուսը, որ մի քիչ էլ մեծ լիներ, օվկիանոսի տեղ կանցներ: Բա ինչքան խորն է, մի ամբողջ մրջնացեղ կխորտակի:

Իսկ հիմա իր ոտքերի տակ դողացող ջրափոսը հազիվ իրեն կարողանար խորտակել, այն էլ միայն մի դեպքում, եթե շարունակեր տղայի մարմինը վերև պարզած ու հայացքը ներքև ուղղած մինչև օրվա վերջ կանգներ այդտեղ: Լինելու բան չէր: Բայց դե ինչ եղել, եղել է,- մտածում էր: Մեկ է՝ վերջում միշտ գալիս է մարմնից ազատվելու բեռը: Ու ո՞վ խնդրեց իրեն խորհրդավոր հայացքով թուղթ պարզել ինձ ու պահանջել, որ այդ անիծյալ կենդանուն վերարտադրեմ: Ծեր է, ինքը չէ, նման չէ իրեն, այն չէ, այս չէ... Պիտի նետեի գետնին, որ ձայնը կտրեր: Միշտ էլ այդպես է՝ ամեն ինչ գետնին նետելուց հետո է պարզվում:

Մինչ նետելը ամեն ինչ ճիշտ էր ու անվտանգ, նետելն անգամ ու նետելուց հետո արձակած տգեղ արտահայտությունն էլ: Սխալը գետնի մեջ էր: Այդտեղ եղած բոլոր անվնաս, կլորավուն ու մանր քարերի փոխարեն պիտի հենց սու՞րը պատահեր ու փարվեր տղայի նուրբ գլխին: Հետո ամեն ինչ կարմրեց՝ սովորականի պես, նույնիսկ տարատեսակ ոչխարի պատկերներ պարունակող թղթերի կույտը:

Հետո հանկարծ մռայլվեց՝ պիտի մի քիչ էլ ջանայի: Լավ բան չեղավ՝ մեկ է:

Քարի սուր ծայրը հեշտությամբ իր գործն էր արել: Տղայի խիտ գանգուրները նույնիսկ չէին կարողացել պաշտպանել գլուխը: Ու հիմա, ջրափոսի կողքին եղածներից՝ ողջից ու ձեռքերի մեջ պահած անշունչից, վերևներում էլ՝ երկնքից ու աղքատիկ նվերներին սովոր աստվածներից այդ պահին միակ ուժեղն ու կայունը, վերականգնվելու ոչ մի կարիք չունեցողը..սուր ծայրով, արյունոտ քարն էր: Միակ փրկվածը՝ բարոյապես, որ չէր ցանկանալու հետագայում կիսվել՝ թեթևանալու համար, գիշերները վախից վեր չէր թռչելու, խիղճը չորս կողմից չէր հարվածելու իրեն...քարն էր:

Ողջի միակ հույսն այն էր, որ վատ բան եղավ: Այդքանը: Իսկ վատ բաներ հաճախ լինում են, այդ մեկի պատահելու ժամանակ էլ ինքն էր տակը կանգնել: Սկզբում տուն կգնա: Կարևորը մի տեղ հասնելն է: Մի քիչ կխորհի, մուսա կկանչի ու տղայի մասին կգրի: Հետո կանցնի- կգնա:

Աղքատիկ նվերների պահուստ ունեցող աստվածները, մրջնասպան ջրափոսն ու շուրջը հավաքված անվնաս քարի կտորները դեմ չեղան գիրք գրելու մտքին: Միակ վկաներն էին, եթե չդժգոհեցին՝ ուրեմն լավ է:

Ողջը թե՝ կգրեմ, իբր ես չսպանեցի տղային: Օձի վրա կգցեմ: Ո՞վ պիտի ստուգի որ:

Իսկ հետո լեզուն կուլ գնաց.

- Մարմի՛նը

Ու կուլ գնացած լեզուն՝ արդեն իր ներսում, կեղծ շշուկով ներշնչեց իրեն.

- Ազատվե՛լ մարմնից, հետո՝ գրել: Մի քանի մոլորակ, օձ ու աղվես, հասկեր, կամակոր ծաղիկներ ու լիքը մտքեր՝ հատուկ տեխնոլոգիաներով քաղցրացրած:


Ու հետո իրեն անպայման կդասեն «100 հեղինակներ, որոնց պարտավոր եք կարդալ մինչև այն աշխարհ գնալը»-ի շարքը:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

コメント


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page