top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Սենդվիչներ


- Մեզ յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով,- լսվեց փայտե տանիքին նմանվող սեղանի մոտից, որտեղ թվում էր, թե հնարավոր չէ յոթ ու կես հոգի տեղավորել:

Իրենց յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով՝ տարօրինակ արտահայտությունը սրճարանից մի կերպ հասավ խոհանոց առանց ակնառու փոփոխությունների:

Խոհարարի օգնականը նորեկներից էր, անունը՝ Մարդուկ: Ոչ ոք չէր հասկանում այդ անվան նշանակությունը, Մարդուկն էլ փորձում էր պատշաճ աշխատանքով ծածկել իր տարօրինակությունները:

Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը նորեկի գործ է՝ Մարդուկի վրա նետեց աշխատողներից ամենասուր լեզու ունեցողը, ում կատակով Մատուտակ էին ասում: Մարդուկը փորձեց չհանել իր վրայից առեղծվածային պարտականությունն ու անցավ գործի:

Խոհանոցը այնքան նեղ տարածք էր զբաղեցնում, որ այնտեղ գտնվողներից յուրաքանչյուրի շնչառությունը լսվում էր ամենուր և խառնվում էր խոհանոցային այլ ձայների հետ, որոնք ընդհանուր քաոսի էին վերածվում: Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը այդ խառնաշփոթի մեջ միայն Մարդուկին կհանձնարարվեր: Ի վերջո, ընդունելով իր՝ նորեկի մշտական պարտությունը, նա անցավ գործի: Սենդվիչներից միայն մեկի մեջ խոզի միս՝ հիշեց ընդհանուր միտքը և փորձեց կռահել, թե մյուսների մեջ այդ դեպքում ինչ պիտի դնել: Ամեն ինչ թողնելով պատահականության հույսին, փորձեց նորեկի շարժուձևով իրարից առանձնացնել բաղադրիչները և դրանք դասավորել հացի մեջ:

Առաջին սենդվիչը համեմեց տապակած լոլիկով և կարտոֆիլի ու պանրի խառնուրդով, որ քիչ առաջ էր պատրաստել: Առաջին սենդվիչը պատրաստ է՝ սկսեց բարձրաձայն հույս տալ իրեն և մյուսներին էլ ցուցադրել, որ գործ է արել:

Երկրորդ սենդվիչի հացը չկարողացավ ճիշտ կողմից բացել ու փշուրները թափվեցին հատակին՝ սևացնելով առաջին սենդվիչի կարճատև հաջողությունը:

Դատարկաբանությամբ ես զբաղված՝ լսվեց Մատուտակի սրամիտ ձայնը ու երրորդ սենդվիչի պատրաստությունները սկսվեցին:

Մարդուկը դժվարությամբ էր կարողանում շնչել գոլորշով ու տարատեսակ հոտերով լցված խոհանոցում ու աչքերը անընդհատ համեմված մատներով սեղմում էր: Մատուտակի ներկայությունը էլի ավելի տհաճ դարձավ հինգերորդ սենդվիչից հետո, երբ նա կանգնեց Մարդուկի ետևում ու կրկնեց Մարդուկի շարժումները՝ չափազանցված ու ավելորդ ծաղրով:

Սա՝ հացի չորացած կտոր է, իսկ սա թարմը: Այ թարմի մեջ էլ կպատրաստեմ մյուս սենդվիչը, այ որ թարմ չեղավ այն, ինձ հաստատ գործից դուրս կհանեն: Կարևորը թարմն է, թարմը՜,- Մատուտակը շարունակում էր ծաղրուծանակի ենթարկել Մարդուկի անմեղ գործունեությունը: Իսկ այդ ընթացքում Մարդուկն արդեն պատրաստել էր յոթերորդ սենդվիչը՝ խոզի մսով, ինչպես որ կարգադրված էր:

Մատուտակի մատները կոշտացած էին ու տձև, երբ սկսեց սենդվիչները թռցնել Մարդուկից և օդում պահել, որպեսզի էլ ավելի հունից հանի Մարդուկին:

Խոհանոցում բացի իրենցից, կարծես թե ոչ ոք չկար: Մարդուկը աղերսագին հայացքով փորձում էր համոզել Մատուտակին հետ վերադարձնել սենդվիչները.

Ընդամենը կես հատ է մնացել, որ ավարտեմ, հետո սրտիդ ուզածի չափ ձեռ կառնես ինձ՝ խնդրում էր Մարդուկը, բայց Մատուտակն էլ ավելի էր բորբոքում իրավիճակն ու հաճույք ստանում դրանից:

Կես հա՜տ, հահահաա, ով է տեսել կես հատով սենդվիչ պատրաստել, հիմարի գլուխ: Կես հա՜տ, այն էլ յոթ ու կես: Մենակ քո կլոր ու դատարկ գլխի մեջ նման միտք կառաջանար, որ այդ անհեթեթ պատվերը ինքդ կատարես: Դրանք վաղուց արդեն գնացել են սրճարանից, մութն էլ ընկել է, իսկ սա նստած իր կես սենդվիչի դարդից լաց է լինում: Խե՜ղճ Մարդուկ,- Մատուտակն այնքան էր տարված իր ելույթով, որ չնկատեց խոհանոցի իսկական խառնաշփոթի սկիզբը, երբ բոլոր կաթսաների կափարիչները մի քանի վայրկյանով օդում հայտնվեցին, հետո՝ ուժգին շրխկոցով նետվեցին հատակին: Մարդուկն, օգտվելով անհասկանալի իրավիճակից, քաշվեց մի անկյուն և փորձեց հացը երկու կես անել, որ ավարտին հասցներ ճակատագրական կես հատիկ սենդվիչի պատրաստությունը:

Ամեն ինչ դեռ կորած չէր իրականում, մինչև այն պահը, երբ խոհանոցի դուռը բացվեց ու մի բարձրահասակ անձնավորություն հաստ ու կոպիտ կրունկները խփելով հատակին՝ ներս եկավ: Սև գլխարկով էր ու հագին մոխրագույն կոստյում: Մատուտակը աչքերը ճպճպացրեց, նա չէր հասկանում՝ երազի մեջ է, թե ոչ ու ինչ գործ ունի այդ նշանավոր թվացող անձը իրենց խոհանոցում: Անծանոթը, արհամարհելով Մատուտակի զարմացած հայացքը, քայլերն ուղեց դեպի խոհանոցի անկյունը, որտեղ կես սենդվիչն էր պատրաստվում:

Մի քիչ էլ՝ ու վերջ,- առանց գլուխը բարձրացնելու հայտնեց Մարդուկը խաղաղված ձայնով:

Անծանոթը մեջքով էր կանգնած Մատուտակին, բայց վերջինիս մի պահ թվաց, որ նա շրթունքներով զրուցում է Մարդուկի հետ:

Կես սենդվիչը պատրաստ է,- հայտարարեց հաղթական ձայնով Մարդուկը ու հետո ավելացրեց,- թարմ մսով է ու ձեր նախընտրությամբ՝ հում է:

Սև գլխարկով լռակյաց բարձրահասակը գլխով արեց, երբ Մարդուկը իրեն հանձնեց յոթ ու կես սենդվիչը և մի քանի անձեռոցիկ՝ քաղաքավարության համար:

Խոհանոցի դուռը անձայն փակվեց անծանոթի հետևից:

Երբ արդեն ամեն ինչ հանդարտվել էր, Մատուտակը զգաց, որ խոհանոցում մենակ է, շատ հստակ զգաց, սակայն հուսահատությունից ինքն իր հետ խոսել սկսեց.

- Մարդու՜կ, կներես, չգիտեմ ինչ էր փչել խելքիս, որ քեզ ծաղրեմ: Ներիր ինձ ու խոհանոցի դուռն էլ բացիր, խնդրում եմ: Ես մի թեթև կլաուստրոֆոբիա ունեմ:

Հետո կանչերը էլ ավելի թախանձագին դարձան.

- Մարդուուուուուուուու՜կ

Բայց արձագանքող չկար ու չկար:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

コメント


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page