Օր առաջին.
Կապույտ փողկապով պարոն, կասեք` ինչից է, որ գետերը հոսում են
- թեքության շնորհիվ
- ո՞ր թեքության
- քեզ ո՞րն է պետք
- որն էլ ասեք` կուրախանամ
Օր հինգերորդ.
Պարոն կապույտով փողկապ, մտածել եմ թեքության մասին: ջրվեժն ինչու՞ գետ չէ
- որովհետև ջրվեժ է
- բայց թեքություն ունի
- դու էլ թեքություն ունես
- դեպի՞..
- հակառակ ուղղությամբ
- ե՞ս էլ եմ գետ
- չէ, ջրվեժ ես
Օր չորրորդ
Պուտիկավոր պայուսակով պարոն, եթե ձեր աչքերը փակեն ու քամի փչեն ձեր ուղղությամբ, կիմանա՞ք որ տեսակի քամին է
- վախենամ` հա
- մի վախեցեք
Օր երկրորդ
Պարոն` մեծ գլխարկով, իսկ եթե մեզ պատմեք գոյություն չունեցող կղզու մասին, կհավատա՞նք
- էն էլ ոնց
- ինչու՞ չեք պատմում
- որովհետև ես էլ չգիտեմ դրա մասին
- իսկ ես գիտեմ: կղզու անունը Մայրի է` հարավային անդերում: լեռան գագաթին: չորս կողմից շրջապատված է օվկիաններով` կարմիր, դեղին, նարնջագույն ու...մյուսի անունը չեմ հիշում: Մայրիում բնակվում են մայրեցիները: պահում են Դեկո կոչվող շնիկներ: դրանք դիմացի ատամներ չունեն: փոխարենը մեծ պոզ է աճում այդ մասում:
- հա, իսկ օգուտ տալի՞ս են
- կաթ են տալիս: կաթով ջրում են ծառերը
- բա մայրեցինե՞րն ինչով են սնվում
- ծառերի արմատներով
- իսկ Դեկո՞ն ինչով է սնվում
- մայրեցիներով
- վաղնևեթ կավելացնեմ այդ կղզին քարտեզի վրա
Օր երրորդ
Կապտականաչավուն աչքերով Պարոն, ինչու՞ են այդ լեռների անունը Դրակոնյան լեռներ դրել: իսկ Մահվան հովի՞տ: բա Մեռյալ ծո՞վն ինչացու է:
- ինչի՞ են գայլին անվանում գայլ
- էդ է բաժին ընկել
- քեզ Կոլումբոսի տեղն ես դրել
- գորշ արջը թունավո՞ր է
- մարդուց շատ չէ
- իսկ համո՞վ է
- մարդուց շատ չէ
- կասկածում եմ
Օր ութերորդ
Արդուկված վերնաշապիկով Պարոն, ես ձեզ կխեղդեմ Էյր լճում
- բա որ չխեղդվեմ
- ցած կնետեմ Կոստյուշկոյից
- բա որ բռնեմ ու չընկնեմ
- չեք բռնի, բռնվելու տեղ չկա
Օր մինուս մեկ
- ինչի՞ հենց թերակղզի: կղզի լինելու մեջ թերացել է, հա՞
- չէ, պարզապես չի ցանկացել կտրվել ցամաքից
- իսկ եթե վերցնենք ու անջատենք իրարից
- երկար չեն դիմանա
- կղզուն երանի
- հա՞ որ
- կախված չէ ոչ մեկից: ինքն իր գլուխը
Պայծառ օր
- զզվում եմ արևից, Պարոն
- քեզ ի՞նչ է արել
- խաբել է
- բան էր խոստացել, չի՞ արել
- ավելի վատ` ուրիշ բան է արել
- խեղճ արև
- արևն, ու ոչ ես, հա՞
Մութ օր
- սպիտակ չղջիկ կա՞
- կա
- սպիտակ բու՞
- ինքն էլ կա
- սպիտակ ագռա՞վ
- կա, ամեն ինչի սպիտակից էլ կա
- մարդու՞ց էլ
- բնական սպիտակ` չէ: Ներկած` ինչքան ուզես
Ցուրտ օր
Սպիտակ ու բնական Պարոն, արծաթագույնն արծաթի գու՞յնն է, էդ դեպքում ինչու՞ ոչ ապակեգույն, այլ թափանցիկ
- բայց դա գույն չէ
- ձե՞ռ եք առնում
- առհասարակ ոչինչ չեմ առնում
- բա՞
- ձրի են տալիս
Կատաղած օր
Կապույտ Պարոնով փողկապ, եթե մարդը կծի օձին, կկարողանա՞ն փրկել
- մարդուն հա, օձին` չէ
- որտե՞ղ է օձերի թույնը
- ատամներում
- իսկ մարդու՞նը: ցույց կտա՞ք այդ մասը, որտեղ թույնն է
- ուզու՞մ ես, ավելի լավ է թույնի մեջ մարդուն ցույց տամ
Լավ օր.
Մեծ Պարոն մարդակերպ, եթե հնարավորություն տային քարաքոս կամ կենգուրու դառնալու, ո՞րը կընտրեիք
- մածնով բրդուճը
- իսկ ես պարկը
- հա՞ որ, տարբերակներիդ մեջ չկար
- մեր ձեռքը չի՞
Պարոն, երբևէ ընկե՞լ եք թռչունների հետևից: Իսկ իրենք` ձե՞ր:
Ինչու՞ մարդը չունի կտուց ու սիրամարգի պոչ
Ինչու՞ մարդուն կրծողների շարքը չեն դասում, կամ մակաբույծների
Իսկ ոզնու և կակտուսի փշերը հավասար չափո՞վ են ծակում
Բա կաչաղակի ու բադակտուցի կտուցները միևնույն նյութի՞ց են
Երկրի սիրտը չի՞ խառնում այդքան պտտվելուց
Իսկ ձե՞ր սիրտը
Պատասխանեք պարոն:
Կապույտ փողկապով Պարոն
Ինչու՞ արևը չի վառում ինքն իրեն, այլ միայն մեզ
Ո՞վ է իրեն այդքան իրավունքներ տվել
Ո՞նց է դուրս գալիս այդքան էներգիայի ծախսի տակից
Իսկ եթե մի օր չվճարի ու անջատեն լույսը՞
Էլ արև չի՞ լինի
Պարոն:
- ես պարոն չեմ
Կապույտ փողկապով պարոն
- փողկապս էլ կապույտ չէ. ու առհասարակ փողկապ չէ: եղջյուր է
Օձերը բարի են, եղջյուրավոր պարոն
- չգիտեմ, գաղափար չունեմ
- ես չեմ հարցնում, պարոն
- բա՞
- ասում եմ: օձերը բարի են
Դուք ձեզ սիրու՞մ եք, պարոն:
- ինչքան որ օվկիանոսն է իր ձկներին սիրում
- իսկ օրվա մեջ քանի՞ անգամ եք կռվում
- քանի անգամ որ զուգահեռականը հատվում է միջօրեականի հետ:
Պարոն:
Փողկապավոր Պարոն:
Չմոռանաք կղզիս ավելացնել քարտեզի մեջ:
Comments