- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը: Մինչ փորձում էի թույլ չտալ, որ մեր սենյակ ներխուժած ծառի տերևները լցվեն ներս, մայրս հանկարծակի գոռաց.
- Ասեղների տուփը էլի կու՞լ ես տվել
- Մա՞մ
Շրջվեցի իր կողմ՝ տեսնեմ մայրս կարի մեքենայի է վերածվել ու աղմուկով երեք օր առաջ ծակված վերնաշապիկս է կարում:
- Նորի՞ց, մամ, ասեցի՝ կկարեմ
Բա որ իմանա գուլպաներս էլ են ծակ՝ մտածեցի, հագա կոշիկներս ու դուրս եկա բակ: Մեզ ծանոթ ծառի կողքով վախեցա անցնել, բա որ սկսի անցած անգամվա պես խեժ թքել վրաս: Մի քանի մետր հեռավորությունը պահելով՝ քայլեցի դեպի դիմացի խանութը: Այնտեղ պիտի հանդիպեի կուրսեցուս հորը՝ Արամին, ում ընկերներն իրեն Մեծահոգի Արամ էին ասում՝ մի քիչ ծաղրելով: Արամը մեր շենքի հայտնի դեմքերից էր, ում դիմում էին մեծ ու փոքր գործերի համար:
Մտա խանութ, դռան վրա գրված էր՝ ռադ եղեք, փակ է:
- Արամ, ես եմ,- ասացի
- Անի՞, ներս արի:
Փակվեցինք խանութում: Բախտս բերել է, որ մեզ ոչ ոք երբեք չի բռնացրել, թե չէ՝ կվռնդեին տանից: Մինչ Արամը կհանի տուփը ու պարունակությունը կլցնի թղթի մեջ՝ մի քիչ պատմեմ իր մասին: Արամին երբեմն կարող եք տեսնել մանկական հրապարակներում՝ ձեռքին փուչիկներ ու փայլուն զարդեր: Նա դրանք չի վաճառում, ոչ էլ նվիրում է երեխաներին: Պարզապես սիրում է դրանք ձեռքին զբոսնել ու գրավել փոքրերի ուշադրությունը: Արամը նաև համեղ աղցաններ է պատրաստում՝ տարօրինակ համերով բույսերից, ուտելուց հետո երկար ժամանակ չեմ կարողանում ուշքի գալ, բայց Արամի խաթեր՝ լռում եմ: Արամը ժամանակին լիքը մարդ է սպանել՝ երբ զինվոր էր, այդ մասին հաճախ է խոսում: Բայց չի հպարտանում իր արարքներով՝ բան է, արել եմ, չարժի խորանալ:
Արամի խանութում մութն ավելի շուտ է ընկնում, քան դրսում: Խանութի հատակին գրեթե միշտ լոբու հատիկներ են թափված, ամեն անգամ մոռանում եմ հարցնել, թե ով է դրանք թափել:
Արամը պատրաստ է. կարող ենք վառել թղթի կտորները և վայելել վառվող թղթի հոտը. դա մեր ամենասիրած զբաղմունքն է, նույնիսկ հալված ծամոնից մարդուկներ պատրաստելուց էլ ավելի շատ:
Դուրս եմ գալիս Արամի խանութից ու քայլում անհայտ ուղղությամբ: Երբ ասում եմ անհայտ ուղղություն՝ նկատի ունեմ մեր տան ճանապարհի խճուղին, որի անունը, չգիտենք էլ թե ով, անհայտ ուղղություն է դրել: Անհայտ ուղղության ճանապարհին մեծ կատվանոց կա՝ տարբեր գույների ու չափսերի կատուներ: Իրենց հետ կռված եմ. վերջին անգամ տարածս ուտելիքը ոչ մեկի սրտով չի եղել ու հիմա ինձ տեսնելիս՝ արհամարհում են, որոշներն անգամ ատելությամբ նայում:
Հասնում եմ տուն: Դեռ ներս չմտած՝ մեկն ուժեղ ապտակում է: Մտածում եմ՝ մայրս կլինի, պարզվում է մեր տան կողքի ծառն է: Ներողություն եմ խնդրում նրանից ու սենյակ մտնում: Մայրս շարունակում է կարի մեքենայի տեսքով ծակ շորերս կարել ու աղմկել.
- Ասեղների տուփը, վերադարձրու
- Սոված եմ, մամ
Նա ինձ ուշադրություն չի դարձնում: Հանում եմ կոշիկներս, տեսնեմ՝ ոտնաթաթերիս սնկեր են աճել, պոկում եմ իրենցից ամենահասուն տեսքովին ու առանց մտածելու՝ կուլ տալիս:
- Էդ զիբիլը հերիք է փորդ լցնես,- բղավում է մայրս:
Մոտենում եմ սեղանին ու անջատում կարի մեքենան: Հետո ձեռքս տանում եմ դեպի կոկորդս, ներս եմ մտցնում, մատներովս մի կերպ հանում եմ մետաղյա տուփն ու դնում սեղանին:
- Ասեղներդ, մամ:
Պառկում եմ քնելու: Վաղն առավոտյան կմիացնեմ մորս՝ մտածում եմ ու հորանջում:
վաղն առավոտյան- վաղուց հնացած արտահայտություն, որն օգտագործվում է գործը հետաձգելու պատրվակով, մեր քաղաքում առավոտը սկսվում է անմիջապես կեսօրից
Comments