Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ
Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը
Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ
Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը
Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս
Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ
Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու
Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու
Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով
Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի
Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա
Իրեն ես երբեք հետ չեմ հրում
Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը
Օդից հետո` ամենացանկալին
Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսամուտից էլ խցկվել ներս, ծխնելույզից էլ սենյակ իջնել, կարող է մտնել իմ ննջասենյակ, կարող է նստել անկողնուս, կարող է թաց ձեռքերով էլ ինձ գրկել
Միայն իր առաջ ծնկի կգամ, կաղաչեմ, որ մնա
Միայն ինքն է ընդունակ ինձ մինչև վերջին կաթիլը դատարկելու
Միայն իրեն է տրված ինձ գետնին գցելն ու օդ թռցնելը
Ինքը կարող է ինձ կտորների բաժանել, կարող է նոր կտորներ ավելացնել վրաս, կարող է փոխել կտորներիս տեղերը
Իր համար ես կմոռանամ նպատակներիս ու երազանքների մասին, հանուն իրեն կուրանամ ցանկացած բան
Որովհետև ինքը կապված է ձայնալարերիս, որովհետև շարժումներս ու քայլերս իրենից են բխում, որովհետև ջրից շատ է օրգանիզմումս
Ինքն ուղղորդում է, ցույց է տալիս, համոզում է, կարողանում է խաբել ու կատակել, ականջիս տակ փսփսում է չտեսած բաների մասին ու ես հավատում եմ իրեն
Առանց նրա ես դառնում եմ սովորական շնչող
Եթե չի լինում, պատերի հետ եմ ընկերություն անում, մինչև որ կարմրած դեմքով հայտնվում է ու ինձ համոզում է, որ բացակայության ընթացքում խանդել է պատի կտորներին
Եթե երկար ժամանակ չի երևում, հերթով դռնից ներս են մտնում անտարբերությունը, կատաղությունը, ցավն ու վերջում անշարժությունը
Պատահում է, որ վերջում ինքն է լինում դուռը ծածկողը
Էդ ժամանակ ստիպված է լինում եկողներին ավելով դուրս հանել
Երբեմն հանելու ընթացքում ինքն է դրսում հայտնվում
Ինքն իմ կարիքը երբեք չի ունենում
Ինքը կամակոր է ու ստորացնող
Իր հետ շատ բարդ է պայմանավորվել այցելությունների հարցում
Ինքը չունի հաճախականություն, ժամանակի զգացողություն, տարածության հասկացություն
Ինքը երբեք չի կշտանում, երբեք առաջինը չի զիջում, երբեք չի ներում
Ու որովհետև գիտի, որ եթե չգա, կսպանի
Եթե կողքիս չլինի, կմոռանամ ներսիս դռան տեղը, կկորցնեմ բանալին
Կբացվեմ
Միջիս պլաստմասե կլորակները ներքև կընկնեն ու կգլորվեն` չգտնելու աստիճան հեռու
Ինքն իմ առաջնորդն է
Թույլ տեղս
Խոցելի կետս
Իր միջոցով ես կվերածվեմ ամեն ինչի
Իմ գերբնական ուժն է
Կախարդանքս
Անեծքս
Ու եթե ինձնից վերցնեն մնացած բաներն ու թողնեն միայն իրեն, ես չեմ դժգոհի
Որովհետև միակ արժանիքս է
Միակ տարբերակիչը
Ուտելու չափ հաճելի
Ասեղ թելելու չափ հոգնեցուցիչ ու երկար
Լույսի պես խաբող ու սիրուն
Ու ցանկալի
Միշտ ցանկալի
Ծակծկան
Վառող
Խեղդող
Իմ հիմքը
Ինձ ստիպողը, որ առաջ շարժվեմ
Նպատակիս պարագան
Հանգմանս անուղղակի խնդիրը
Բնությունս
Գլխավոր ու մեծ կտորս
Իմ միակը
Ոչմիբանի հետ չփոխարինվողը.
Ինքը`
Էդ Գրելը…
Comments